2016-ի կարևոր փոփոխությունները՝ ըստ Արփինե Հովհաննիսյանի
Պրոբացիոն ծառայության ներդրումն արդարադատական համակարգում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը համարում է ընթացիկ տարվա կարևորագույն ձեռքբերումներից. «Պրոբացիայի ծառայությունը պետք է կանգնի դատապարտյալի կողքին՝ պատժի կրման հիմնական նպատակին՝ ուղղմանը հասնելու համար»,- ասում է նա: Տարատեսակ փաստաթղթեր՝ ամուսնության կարգավիճակի, չդատվածության և այլ տեղեկանքներ ստանալու համար քաղաքացիները գնում էին տարբեր հիմնարկներ: «Հայփոստի կամ Միասնական գրասենյակների շնորհիվ այլևս քաղաքացիները պարտավոր չեն լինի ավելի բեռ կրել: Այդ թղթերը հնարավոր կլինի ստանալ մեկ կենտրոնից»,- ասաց նախարարը: Մեկ այլ ձեռքբերում է համարում այն, որ քաղաքացու միակ կացարանը՝ բնակարան, տուն, այլևս չի օտարվի վարկային պարտավորությունները չկատարելու համար: «Համապատասխան օրենսդրական փոփոխություններն արդեն արված են»: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող փոփոխություններն ընթացքի մեջ են. «Հաջորդ տարվա հուլիսից ուժի մեջ կմտնի ապօրինի հարստացման քրեականացման օրենքը: Հետադարձ ուժի մասին շատ է խոսվում, պետք է ասեմ, որ 1995 թվականից ի վեր ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս խստացված օրենքներին տալ հետադարձ ուժ»: Պաշտոնատար անձանց համար սահմանափակվել է կանխիկով գործարքներ անելու հնարավորությունը, եթե այդ գումարը գերազանցում է 2 միլիոն դրամը. «Սա նշանակում է թափանցիկ իրականացնել գործարքները: Պաշտոնյան չի կարող ասել, որ իր մոտ ի հայտ եկած գումարը որևէ մեկին պարտք էր տվել և այժմ իրեն հետ է տրվում: Պաշտոնյաների դրամական շրջանառությունը դառնում է թափանցիկ և տեսանելի»,- ասում է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Այլևս հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակն ընդլայնվում է: Նախկինում այդպիսի պաշտոնյաների թիվը մոտ էր 500-ին, այժմ՝ 2000-ի կհասնի այդ թիվը: Նախարարի խոսքով՝ աշխատանք է տարվում նաև փոխկապակցված անձանց շրջանակը մեծացնելու ուղղությամբ: Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ՝ մեծացվել են ՄԻՊ-ի լիազորությունները. «Այլևս Մարդու իրավունքների պաշտպանը կկարողանա ավելի շատ տարածքներ մուտք գործել և դիտարկել մարդու իրավունքի վիճակը, քան նախկինում»: