«Հայաստանում պետք է կասկածյալների և մեղադրյալների ԴՆԹ տվյալների բազա ստեղծել» (տեսանյութ)
«Դատական սխալներից խուսափելու համար առաջին բանը, որ պետք է անի Հայաստանը, իրեղեն ապացույցների պահպանումն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ-ում գործող «Անմեղության ծրագրի» Այդահո նահանգի գրասենյակի ղեկավար Գրեգ Համփիկյանը. «Հայաստանի դատական համակարգը պետք է դասեր քաղի արտասահմանյան դատական համակարգերի սխալներից, դադարեցնի ոչնչացնել իրեղեն ապացույցները դատավճռի՝ ուժի մեջ մտնելուց հետո, քանի որ գիտությունն արագ զարգանում է, և տվյալների բազայի պահպանումը կարող է տարիներ անց որևէ գործի վերաբացման համար վճռորոշ լինել: Պետք է արագ սկսել կասկածյալների և մեղադրյալների ԴՆԹ տվյալների բազան հավաքել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանում համապատասխան կենտրոնների կողմից այդ ցանկությունն արդեն նկատել է: «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի նախագահ, լրագրող Զարուհի Մեժլումյանն էլ հավելեց, որ իրեղեն ապացույցների պահպանումը շատ կարևոր հարց է. «Բայց քանի դեռ քրեական դատավարության օրենքի նախագիծը դեռ չի ընդունվել ԱԺ կողմից, որում դրույթ կա՝ սպանությունների գործով իրեղեն ապացույցները պահպանելու մասին, գործող իրավական համակարգի համաձայն՝ իրեղեն ապացույցները շարունակվում են ոչնչացվել»,-ասաց նա: Զարուհի Մեժլումյանը նշեց, որ դատական սխալները բնորոշ են ցանկացած երկրի դատաիրավական համակարգի, քանի որ դատավորները մարդիկ են, հետևաբար՝ անսխալական չեն, պարզապես պետք է ժամանակին ընդունել սեփական սխալները: «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ն ուսումնասիրել է Հայաստանում առավելագույն պատժաչափով դատապարտվածների գործեր, որոնք հիմնականում ինքնախոստովանական ցուցմունքների վրա են հիմնված կամ գործի ելքով շահագրգռված անձանց ցուցմունքներով: Տիկին Մեժլումյանը հավելում է՝ այդ արատավոր երևույթը պետք է վերացնել: