Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարեվերջին պետական պարտքը՝ 5.9 մլրդ դոլար (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-hayrapetyan

ԱԺ արտահերթ նիստում այսօր սկսվեց քննարկվել «Կառավարության եւ զարգացման ֆինանսական գործակալության» միջեւ ստորագրված միջազգային համաձայնագիրը: Ինչպես ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ համաձայնագրով ՀՀ-ին կտրվի քառասուն միլիոն եվրո բյուջետային վարկ՝ քսան տարի մարման ժամկետով, արտոնյալ պայմաններով: Նա նշեց, որ տարեվերջին մեր պետական պարտքը կազմելու է 5.9 մլրդ  դոլար, որից 500 մլն-ն ԿԲ պարտքն է, 5.4 միլիարդը՝ արտաքին պարտքը. «Մենք դեռ նվազ պարտքային բեռ ունեցող երկիր ենք համարվում՝ թեկուզեւ անցնում ենք ՀՆԱ-ի նկատմամբ հիսուն տոկոսանոց շեմը»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցը վերաբերում էր պարտքի այդ բեռին. «Հնարավոր է՝ տարատեսակ միջազգային սանդղակներով մենք համարվում ենք նվազ պարտք ունեցող երկիր, սակայն մենք սրընթաց շուտով կանցնենք վեց ու յոթ միլիարդը: Մեր երկիրն ունի զրո ներդրումային միջավայր: Բացի հռետորական խոսքերից, որեւէ գործնական քայլ մենք չունենք ներդրումների ուղղությամբ: Երբ մենք հատենք այդ ռիսկային սահմանը, ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք այս խնդիրը լուծելու: Որեւէ տեսանելի հույս առաջիկայում, որ կբլանասավորի տնտեսությունը, չկա: Պետք է ներդրումների վրա աշխատել, այլ ոչ թե դեսպաններին կանչել ու ասել՝ գնա, տես՝ քո միջավայրում ի՞նչ կարող ես անել»:

Ի պատասխան Արմեն Հայրապետյանը նշեց, որ ինքը կիսում է այդ մտահոգությունը, որ մենք ներդրումների կարիք ունենք. «Այո, պարտքի մակարդակը բարձրացել է, դա ինքնանպատակ չի բարձրացել: Մենք մտահոգված ենք դրանով: Խնդիրն այն է, որ տնտեսագիտության մեջ կարեւոր դրույթ կա, որ մակրոտնտեսական ապահովածություն պետք է լինի երկրում, որ ներդումներ լինեն: Մենք արտաքին շոկեր ենք ունեցել, որ բերել է այդ իրավիճակին՝ մեկը ՌԴ-ից եկած, մյուսը՝ պղնձի՝ համաշխարհային գների նվազումը: Պետք է տնտեսության մեջ ներարկել միջոցներ, որ նա աշխատի: Սա հակացիկլիկ քայլեր են: Կառավարությունը չափավոր, զգուշավոր է փորձում մոտենալ պարտքի բեռի բարձրացմանը»: