Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը բացատրում է Սերժ Սարգսյանի ասածի ենթատեքստը (տեսանյութ)

Քաղաքականություն
arpine1

Կան մտահոգություններ, որ եկող տարվա հուլիսից ուժի մեջ մտնող ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքը չի գործի լիարժեք: Օրենքի գործողության մեջ մտնելու համար անհրաժեշտ է լինելու քաղաքական կամք: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն արդար չի համարում այս դիտարկումը. «Անհրաժեշտ է լինելու իրավապահ մարմինների հսկայական աշխատանք, որպեսզի օրենքն ամբողջովին գործի»: Ըստ նրա՝ հնարավոր չէ շատ ընդլայնել պաշտոնյաներին փոխկապակցված անձանց շրջանակը. «Արդյո՞ք մենք ունենք հնարավորություն մինչև վերջ փակել շղթան: Ծավալի և խորության հարցն է: Հիմա օգտագործում են դրածոների գաղափարը: Արդյոք  տվյալ անձը պաշտոնատար անձի գույքը չի օգտագործում, այս ձևով ենք լուծում խնդիրը մինչև գլոբալ լուծում, օրինակ՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները հայտարարագիր կներկայացնեն»: Ամեն տարի դատական սխալների համար Հայաստանի կառավարությունը գումարներ է վճարում Եվրադատարանի որոշումներով: Արդյո՞ք դատավորները պետք է որոշակի պատասխանատվություն չկրեն. «Եթե դատավճռով ապացուցված է  դատավորի մեղքը, պետությունը կարող է դատավորից հատուցում անել: Բայց, գործ ունենք դատավորի անկախության հետ: Մենք գիտենք քայլերի հաջորդականությունը, ամեն ինչ պետք է սկսել սկզբից՝ ովքեր կարող են դատավոր դառնալ, դատավոր ընտրելու պրակտիկան պետք է փոփոխություն կրի: Հարցի հետ կապված միանշանակ սկզբունք չկա»,- ասում է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հուլիսի 29-ի դեպքից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ լրագրողները պետք է մոռանան տեղի ունեցածը: Արդյո՞ք սա նախարարը ճիշտ է համարում. «Կոռեկտ չեմ համարում համարել նախագահի ասածը, բայց ենթատեքստն այն էր, որ չնայած տեղի ունեցածին պետք է շարժվենք առաջ»: Քաղաքացիները մշտապես բողոքում են օրենքների ոչ ճիշտ կիրառումից: Ի՞նչ տեսակետ ունի նախարարը. «Ես չեմ կարող չհամաձայնվել հարցի հետ, բայց չեմ էլ կարող չհամաձայնվել: Այնքան իդեալիստ չեմ, որ համարեմ օրենքները շրջանցելու հնարավորություն չունեն, բայց չեմ էլ համարում, որ օրենքները չեն գործում»: Մի շարք նոր նախարարների հարազատները, վարչապետի կինը, առողջապահության նախարարի հարազատներ հայտարարագրեր չեն ներկայացրել: Ինչի՞ հետևանք է դա: «Դա շաղկապված չէ քաղաքական կամքի բացակայության հետ»,- ասաց Արդարադատության նախարարը: Նրա պնդմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ կլինի, եթե համակարգային լուծումներ լինեն. «Հատվածային քայլերով առաջ չենք գնա: Քայլեր անում ենք, կստացվի՝ կգնահատեք, չի ստացվի՝ նորից գնահատական կտաք»: