Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի բողոքը մերժվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
jirayr

«Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին:  Ազատություն, ազատություն»,-  այս վանկարկումներն այսօր լսվում էր Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց: Հիմնադիր խորհրդարանի անդամները պահանջում են ազատ արձակել իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:   Դատարանում տեղի էր ունենում  նրա կալանքի ժամկետը երկարացնելու դեմ  բողոքի քննությունը: Վերաքննիչ դատարանը, սակայն,   անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Հունիսի 20-ից կալանավորված  Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է  մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ շենք-շինություններ՝ այդ թվում Երեւանի հեռուստաաշտարակը  զավթելու, ինչպես նաեւ ապօրինի  կերպով  զենք, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու մեջ: « Ժիրայր Սեֆիլյանը ողջ մեղադրանքը  համարում է թատերական ներկայացում ,  բեմադրություն  եւ չի ուզում դեր ունենալ այս բեմադրության մեջ: Ընդգծված որեւէ քննչական գործողության չի մասնակցում»,- դատական նիստից հետո ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Պաշտպանի խոսքերով՝ առաջին ատյանի դատարանում, երբ կայացվել է դատական ակտը, ոչ Ժիրայր Սեֆիլյանը, ոչ նրա պաշտպանները  ներկա չեն եղել: Ավելին միջնորդությունները քննչական մարմինը չի տրամադրում Ժիրայր Սեֆիլյանին ծանոթանալու համար,  թեեւ  պարտավոր է. «Ժիրայր Սեֆիլյանի դեմ կայացված ակտը, ոչ թե դատարանի որոշում է իրավական հիմնավորումներով, այլ քաղաքական որոշում է՝ նրա  գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ»: Ժիրայր Սեֆիլյանին  վերջերս տեղափոխել են «Արմավիր» ՔՀԿ, որտեղ խցում նա մենակ է։ « Ըստ էության հիմա մեկուսացված է»,- ավելացրեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Դատարանի այսօրվա որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարան: