Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է վիրահատություն արվի. սոցապ նախարար

Քաղաքականություն
Asatryan-Artem

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո  անդրադարձավ վարչապետի հանձնարարականներին ու վստահեցրեց, որ սոցիալական համակարգերի խնդիրներին էվոլյուցիոն լուծումներ են տրվելու. «Երբ վերքն արդեն թարախոտ է, թերապեւտիկ միջամտությունները չեն օգնի, պետք է վիրահատություն արվի, պետք է մի անգամ ցավացնել նրան, որ խնդիրը լուծվի»: Հունվարին նախարարությունը պետք է կառավարությանը ներկայացնի ըստ կարիքի գնահատված ծառայությունների փաթեթ. «Հաշմանդամություն ունենալը եւ հիվանդ լինելը տարբեր բաներ են, եւ պետք է տարանջատել, բայց չափորոշիչների ոչ հստակ լինելը տեղ է տալիս ռիսկերի: Արմատական փոփոխությունների առաջարկություններ ենք ներկայացնելու: Դիմումները և փաստաթղթերն ընդունելը եւ որոշում կայացնելը տարանջատվելու են, իսկ տարածքային հանձնաժողովներն ամբողջությամբ լուծարվելու են»: Ըստ նախարարի, տարիներ շարունակ եղած խնդիրները չեն լուծվում, հենց դրա համար հանձնաժողովներում այլեւս չեն իրականացվելու փորձաքննություններ. «Կլինի կենտրոնացված մարմին, որը կիրականացնի փաստաթղթային փորձաքննություն և 30% դեպքերում հնարավոր կլինի փաստաթղթերի միջոցով որոշում կայացնել»: Նրա կարծիքով` սրա արդյունքում մի շատ կարևոր խնդիր է լուծվում, քանի որ շատ դեպքերում քաղաքացիները լրացուցիչ ուղեգրվում էին բուժհաստատություններ, իսկ այժմ այդ լրացուցիչ փորձաքննության օղակը վերացվում է. «Այն հիմնական օղակները, որտեղ խնդիրներ կային, մեր կարծիքով՝ վերացնում ենք»: Խոսելով նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի ձերբակալության մասին՝ նախարարը նշեց. «Այս պահին իրավական գնահատական չեմ տա, դա իրավական մարմինների գործառույթների շրջանակում է: Իր մասնագիտական որակները ես շատ բարձր եմ գնահատում»,- ասաց նա: