Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռուստաընկերությունները հրապարակել են քաղաքական գովազդի գները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitledff

Հեռուստատեսության  և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի գովազդային սակագները՝ ներկայացված հեռուստա և ռադիոընկերությունների կողմից: Ըստ այդմ՝ քաղաքական գովազդի հեռարձակման համար ամենաբարձր սակագինը սահմանել են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 1 րոպեի դիմաց՝ 100 հազար դրամ: Ի համեմատ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների՝  այս հեռուստաընկերությունների գովազդային սակագները նվազել են: «Շանթի» դեպքում 20 հազար դրամով, իսկ «Արմենիայի» դեպքում՝ 10 հազար դրամով: Նվազել է նաև Հանրային հեռուստատեսության քաղաքական գովազդի սակագինը: Եթե 2012-ի խորհրդարանական ընտրություններին այն եղել է 80 հազար դրամ 1 րոպեի դիմաց, ապա այս տարի  սակագինը կազմում է 60 հազար դրամ: Մյուս հեռուստաընկերությունների քաղաքական գովազդի  սակագներում նույնպես փոփոխություններ են եղել դեպի նվազում:  Այսպես՝ եթե 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը գովազդի 1 րոպեի դիմաց գանձում էր 30 հազար դրամ, ապա այս տարի՝ 25 հազար դրամ: «Կենտրոն» հեռուստաընկերությունը նույնպես նվազեցրել է գովազդի սակագինը: Նախկին 32,400 դրամի փոխարեն այժմ այս հեռուստաընկերության եթերով քաղաքական գովազդի 1 րոպեն կարժենա 18 հազար դրամ: Քաղաքական գովազդի սակագները աճել են միայն «Արմնյուզ» և «Ա թիվի» հեռուստաընկերություններում:  Եթե 2012-ին  «Արմնյուզում» քաղաքական գոցազդի մեկ րոպեն արժեցել է 18 հազար դրամ, ապա այսօր այն կազմում է 20 հազար դրամ, իսկ  «Ա թիվիում»՝ 40 հազար դրամ՝ նախկին 24 հազար դրամի փոխարեն: Նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ գովազդի սակագինն անփոփոխ է մնացել Հանրային 2-րդ հեռուստաընկերությունում՝ 1 րոպեի դիմաց կազմելով 60 հազար դրամ: Հատկանշական է, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը հեռարձակել հրաժարված մի շարք հեռուստաըներություններ՝    «Միգ», «Տավուշ-ՏՎ», «Անկյուն+3», «Սոսի», այս տարի ներկայացրել են իրենց սակագները: Սակագների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ