Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք»-ը համաժողովի է պատրաստվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
go-1

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններից ձեւավորված  «Ելք» դաշինքը պատրաստվում է իր առաջին համաժողովին, որի անցկացման օրը դեռ հայտնի չէ: Դաշինքը պատրաստվում է ԱԺ ապրիլի 2-ի ընտրություններին։ «Մենք խնդիր ունենք հասարակությանը տեղ հասցնելու, որ այդ ամեն մի թեկնածուն, որ իրենց բակի միգուցե լավ տղան է, որը ինչ-որ հարցերում նրանց օգնել է, սակայն միեւնույնն է՝ ՀՀԿ ներկայացուցիչն է, այն ուժի, որից բոլորը դժգոհում են այսօր»,- «Ա1+»-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը: Փոխվել է Սահմանադրությունը, փոխվել է ընտրակարգը, այնուամենայնիվ չի բացառվում, որ  իշխող կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է նախկին մեթոդներով։             «Այդ ցուցակներում ընդգրկվելու են թաղային հեղինակությունները, եւ ձայները գնալու են մեծամասնականով: Սա ցույց է տալիս նաեւ ՀՀԿ ունեցած նախկին արդյունքներից: Նախկինում ձայներ ավելի շատ տվել են մեծամասնական թեկնածուներին ու ավելի քիչ  ՀՀԿ-ին: Հիմա ամեն ինչ արվեց, որ մեծամասնական թեկնածուին տրված բոլոր ձայները գնան ՀՀԿ-ին»,- ավելացնում է կուսակցության անդամը: Երեք ուժեր ներկայացնող  «Ելք» դաշինքում չի բացառում ընդլայնումը, թեեւ այդ պահին համագործակցության քննարկումներ չեն անցկացնում գաղափարակից այլ ուժերի հետ: Դաշինքի ներկայացուցիչները թերահավատորեն են վերաբերվում ընդդիմադիր դարձած այն գործիչներին, որոնք նախկինում իշխանության մաս են կազմել. «Իրենց  ժամանակին նրանք դեմ չեն արտահայտվել վարվող քաղաքականությանը: Այդ բոլոր ուժերը՝ հիմա նոր ընդդիմություն իրենց հայտարարած, նույն տեսլականն ունեն, ինչ ներկայիս իշխանությունները, դրանք ավելի շատ ռուսահպատակության քաղաքականություն են»: Գեւորգ Գորգիսյանն առանձնացնում է իրենց դաշինքը՝  ընդդիմադիր դաշտում այն  համարելով եզակի. «Երեւի միայն «Ժառանգությանը» կարող եմ առանձնացնել, որոնք բացի մեզնից, էլի ընդդիմադիր են: Իսկ ՀԱ՞Կ-ը... վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ն այլեւս քաղաքական կշիռ չունի, ավելին՝ եթե դիտարկենք Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը, դա ամբողջության նորից ռուսահպատակության դրսեւորում էր»: Արդեն երեք ամիս է՝  Վանաձորում չի հաջողվում  ավագանու  նիստ գումարել։ ԼՀԿ-ն,  «Հայկական վերածնունդ»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը բոյկոտում են նիստերը: Սուրբ ծննդյան  պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը  կոչ էր արել. որ  նոր տարում Վանաձորի ավագանու անդամները  համախմբվեն եւ լծվեն  քաղաքի կառուցմանը: Գեւորգ Գորգիսյանն ավելացնում է. «Երբ եկեղեցու սպասավորն սկսում է քարոզել կոնկրետ քաղաքական ուժի մոտեցումներ, պաշտպանել կոնկրետ քաղաքական ուժին, դիրքորոշումներ հայտնել, դա պարզապես անթույլատրելի է: Դա եկեղեցու հերթական խայտառակություններից է»: ԼՀԿ-ն դիմելու է  Կառավարությանը՝ պահանջելով  նոր ընտրություններ նշանակել Վանաձորում: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը պաշտպանում է Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնությունը։ Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ում այս հարցը դեռ չեն  քննարկել։