Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային փոքրամասնությունները կունենան իրենց պատգամավորները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
elections

Հաջորդ խորհրդարանում Հայաստանի ազգային 4 փոքրամասնությունները՝ քրդերը, ասորիները, եզդիներն ու ռուսները պատգամավորներ կունենան։ Ասորիներն արդեն աշխատում են իրենց թեկնածուներին ընտրելու ուղղությամբ։ Այդ հարցով 7000 հոգիանոց ասորական համայնքը ներքին ընտրություն կանցկացնի։ Պատգամավորության թեկնածուների անուններ արդեն շրջանառվում են։ «Մենք ունենք բավականին լավ ռեսուրսներ, և Աթուր միության նախագահը, և միության ուրիշ անդամներ,  որոնք բարձրագույն կրթությամբ են, հրաշալի տիրապետում են հայերերնին։ Ունենք այլ կազմակերպություն էլի՝ Ասորիների կոնֆեդերացիա, որն Իրինա Սագրադովան է ղեկավարում, նա էլ՝ պրոֆեսոր, դոցենտ», ֊ «Ա1+» ֊ի հետ զրույցում ասում է «Աթուր» ասորական ասոցիացիայի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեվը։ Ասորական համայնքում էլ կան ընդդիմադիր և իշխանական ուժերի կողմնակիցներ։ Բայց այստեղ մոտավորապես ուրվագծվում է քաղաքական այն ուժը, ում ցուցակով կփորձեն մտնել խորհրդարան։ Չնայած դեռ պաշտոնապես չեն հայտարարում։ «Ազգային փոքրամասնություններն աշխարհի բոլոր երկրներում միշտ էլ պաշտպանել են գործող իշխանության շահերը», ֊ ասում է Ռազմիկ Խոսրոեվը։ Ինչպես հայաստանցիներից շատերի, ասորական համայնքի դեպքում էլ առաջնայինը սոցիալական վիճակի բարելավումն է։ Իսկ Խորհրդարանում հայտնվելուց հետո հետամուտ կլինեն Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունմանը։ «Ազգային փոքրամասնությունները, որ բարձրագույն կրթություն պիտի ստանան, պիտի ստանան անվճար։ Կամ մենք ունենք ռադիոհաղորդումներ, բայց Հայաստանի ամբողջ ազգային փոքրամասնությունները միասին վերցրած հեռուստաընկերություն չունեն»։ Պատգամավորի իրենց թեկնածուներին դեռ չեն պարզել Հայաստանի քրդերը։ Բայց ներքին քննարկումներ արդեն սկսվել են։ Քաղաքական ո՞ր ուժի հետ ընտրությունների կգնան, դեռ հստակ չէ։ «Քուրդիստան կոմիտեի» նախագահ  Ժենյա Ամիրյանը միայն հստակեցնում է թեկնածուի ընտրության չափորոշիչները։ «Պետք է մեր համայնքից այնպիսի մարդ ընտրվի, որը և Հայաստանում և Քուրդիստանում ճանաչված լինի՝ որպես մարդ, որպես հայ-քրդական բարեկամության լծակները պահպանող, ոչ թե ընտրվի որպես դեպուտատ ու վերջանա»։ Ի տարբերություն քրդերի, եզդիների մի մասի մոտ քաղաքական ուժերի նկատմամբ դիրքորոշումներում որոշակի հստակություն կա։ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն, ով ՀՀԿ-ի անդամ է, իրենց թեկնածուին տեսնում է իշխող ՀՀԿ-ի կազմում։ Առաջիկա օրերին կընտրեն մի քանի թեկնածուներ։ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը նշում է. «Չեմ կարող Հանրապետական կուսակցության տեղը երաշխավորել՝ ում կընդունեն, ում չեն ընդունի»։ Հանրապետականի կազմում միասնական թեկնածուի առաջադրումը չի արժանացել եզդիական համայնքի միանշանակ հավանությանը։ «Սինջար» եզդիների ազգային միավորում կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին է ընդդիմանում. «Համայնքը մեզանից որևէ մեկին ինչ- որ քվերակության արդյունքում մանդատ չի տվել ամբողջ համայնքի անունից խոսելու կամ թեկնածուներ ներկայացնելու։ Եթե անգամ լինի նման բան և այդ թեկնածուն ներկայացվի որպես Հանրապետական թեկնածու, դա լինելու է հակաօրինական»։ Նրա պնդմամբ՝ Հայաստանի եզդիական համայնքը ունի լուրջ պատճառներ՝ 2017-ի ընտրություններում Հանրապետական կուսակցությանը որևէ կերպ չաջակցելու։ «Եթե մարդը պատրաստ է ընտրել Հանրապետականին, որը Մանվել Բադեյանի դեմքով վիրավորում է եզդիներին, իր խնդիրն է։ Եթե մարդը պատրաստվում է ընտրել ՀՀԿ-ին՝ Էդուարդ Շարմազանովի դեմքով, որը հերքում է Օսմանյան Թուրքիայում եզդիներ ցեղասպանությունը, և ընդհանրապես ՀՀԿ-ին, որն ամեն ինչ արեց որ 2014 թվականին Իրաքի եզդիների ցեղասպանությունը ԱԺ-ում չդատապարտվի, ապա թող ընտրեն»։ Ազգային փոքրամասնություններից միայն 4-ն են իրավունք ստացել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում սեփական ներկայացուցիչներ ունենալ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են՝ 35.308 հոգի, ռուսները շուրջ 12 000 են, ասորիների ու քրդերի թիվը գրեթե հավասար է՝ համապատասխանաբար 2.769 և 2.162։