«Քաղաքական ուժերը պայքարում են գործող իշխանության մաս դառնալու համար» (տեսանյութ)
«Քաղաքական ուժերը զբաղված են հորիզոնականներ ճշտելով, ուրիշ ոչ մի առարկայական գործընթաց չի գնում այս պահին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով քաղաքական կյանքի մասին, ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով՝ նախորդ տարվա իրադարձությունները՝ ապրիլյան պատերազմն ու «Սասնա Ծռերի» գործողությունները, իսկական նվեր էին ընդդիմության համար, սակայն ընդդիմությունը դրանից չօգտվեց. «Այդ իրադարձություններն ուղղակի մերկացրին իշխանություններին»,-նշեց նա: Քաղաքագետը գործող կուսակցություններից, դաշինքներից այլընտրանքային օրակարգի լուրջ առաջարկ չի հանդիպել, որն ընտրողների շրջանում քննարկումների առարկա կդառնար. «Կարծում եմ՝ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը նույնպես այլընտրանքային օրակարգ չի բերի: Չեմ կարծում, թե նրանք հանդես կգան այլ պլատֆորմով»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ միակ բևեռը, որից ակնկալում է լուրջ փոփոխությունների ծրագիր, «Ելքն» է: Քննարկմանը ներկա՝ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն էլ համաձայնեց այն մտքի հետ, որ քաղաքական ուժերն այս պահին զբաղված են միայն համագործակցության ելքեր փնտրելով. «Մտածում են միայն, թե ինչպես մտնել ԱԺ, թե ինչ պետք է անեն հետո, դա չկա, ծրագրերի, գաղափարների քննարկումներ չկան, բոլորի գաղափարները, ֆրազները նույնն են: Քաղաքական ուժերի մեծ մասը ոչ թե պայքարում է գործող իշխանական համակարգի դեմ, այլ փորձում մասը կազմել դրա»-ասաց նա: Հարցին, թե ինչու հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոտքի ելած քաղաքացիներին որևէ ընդդիմադիր ուժ չկարողացավ տանել իր հետևից, քաղաքագետը նշեց, թե այդ մարդիկ իրականում իշխանության զանգվածն են եղել. «Սոցիալապես անապահով խավը, որը դուրս էր եկել փողոց, իշխանությունների կամ թաղային հեղինակության ճնշման տակ գնում է ընտրությունների, կաշառք է վերցնում: Դա ընդդիմության զանգվածը չէ, այլ իշխանության»: