Իմ ծագումից ելնելով՝ ես կողմնակից չեմ փոխզիջմանը. վարչապետ (տեսանյութ)
Կառավարությունում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսին լրագրողներից մեկի հարցը վերաբերում էր նախորդ վարչապետերի սխալներին ու պատասխանատվության ենթարկելուն: Ի պատասխան վարչապետն արձագանքեց. «Եկեք բոլորին նստացնենք, լա՞վ է լինելու: Կարծում եմ՝ սխալ մոտեցում է սա»: Ինչ վերաբերում է նրան, որ Կարեն Կարապետյանը Կառավարությունում աշխատանքի է ընդունել մարդկանց իր մտերիմ շրջապատից, նա հայտարարեց. «Ես ընտրում եմ այն մարդուն, որին ճանաչում եմ ու որին վստահում եմ: Այնպես չէ, որ ես իմ մարդկանց եմ բերում կառավարություն: Երբ պաշտոնավարում էր Երեւանի քաղաքապետի պատշոնում, ընդամենը վեց մարդ եմ ընդունել աշխատանքի: Մենք գործընկերներ ենք, սակայն ժամը վեցից, չէ, ժամը տասից հետո օղի խմելու, չենք գնում, ռեստորան չենք գնում»: Իր նախատեսած ծրագրերից նա առանձնացրեց Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ստեղծումը, որը նա համարեց իր ամենախոշոր ծրագիրը. «Այդ կենտրոնի քավորը ես եմ լինելու»: Ինչպե՞ս է վարչապետ վերաբերում ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, հատկապես երբ շատ է խոսվում կարգավիճակի դիմաց՝ փոխզիջման մասին. լրագրողի հարցին նա պատասխանեց. «Ոնց որ դուք այնքան էլ ոգեւորված չեք, որ ես ՀՀԿ-ից եմ...Իմ ծագումից ելնելով՝ ես կողմնակից չեմ փոխզիջմանը: Մենք ունենք տարբերակ, որ մեր անվտանգությունը, հաղթանակը կարող ենք պաշտպանել, պահել համապատասխան բանակցությունների արդյունքում, որի սցենարի մասին հիմա չենք կարող խոսել: Նայած ինչն ենք փոխզիջում: Չեմ կարծում, որ մեկը ՀՀ-ում իր վրա պատասխանատվություն կվերցնի՝ որոշում կայացնելու, որի հետ մեր քաղաքացիները համաձայն չեն լինի: Չեմ կարծում, որ այդտեղ շատ անհանգստանալու խնդիր ունենք»: