ԽԱՐԻՍԽԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՃԱՆԱՉԵԼՈՒ ՏԵՂԸ` ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ
Աջակցիր «Ա1+»-ինԿոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի 50-ամյակին նվիրված հեղինակային համերգը կղեկավարի Մեծ Բրիտանիայի հայտնի դիրիժոր Դեվիդ Դեվիսը: Այն տեղի կունենա նոյեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այսօր այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին կոմպոզիտորն ու դիրիժորը: Համերգին կմասնակցեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները եւ «Սերենադ» կամերային նվագախումբը:
Սա համերգների եզրափակումն է, քանի որ երկու համերգ արդեն եղել են՝ մեկը Մեծ Բրիտանիայում, մյուսը՝ Մոսկվայում: «Ես խոնարհվում են Մեծ Բրիտանիայի առաջ, քանի որ իմ կարիերայի սկիզբը այդ երկրից էր»,- հայտարարեց Ստեփան Ռոստոմյանը: Նա սիրով հիշեց մի պատմություն, որ տեղի էր ունեցել Շոտլանդիայի եկեղեցիներից մեկում, որտեղ հնչել է իր սինֆոնիան. «Սինֆոնիայի վերջում իրենց հոգեւոր առաջնորդը մոտեցավ, ինչ որ բաներ էր ասում: Ասաց, որ կար մի բրիտանական դոկումենտ, որտեղ գրված է, որ իրենց նախնիները ծագումով Հայաստանից են գալիս: Ինքն այդ փաստին չի հավատացել, բայց երբ լսել է իմ սինֆոնիան, բացականչել է. «Արդեն վերջնականապես համոզվեցի, թե որտեղից է մեր նախկիների ամբողջ կանչը»: Դրանից հետո մենք կիսակատակ դիմեցինք Դեվիդ Դեվիսին, թե դու գիտե՞ս, որ դու հայ ես: Դա տարածվեց ամբողջ Շոտլանդիայում, եւ հիմա նա եկել է կիսով չափ իր հայրենիք»:
Դեվիդ Դեվիսն էլ խոստացավ, որ եթե երկրորդ անգամ գա Հայաստան, ապա անպայման կսովորի խոսել հայերեն:
Այնուհետեւ Ստեփան Ռոստոմյանը անդրադարձավ Հայաստանում դասական երաժշտության հանդեպ հայերի վերաբերմունքին. «Դասական արվեստը մասսայական արվեստ չի: Միշտ հարցնում են, իսկ դահլիճը կլինի՞ լեփ -լեցուն, պատասխանում եմ՝ այնքան, ինչքան հանդիսատես կա Հայաստանում, որովհետեւ դա չափանիշ չէ»:
«Երբ Հայաստան եկավ մեծանուն ջութակահար Գիտոն Կրեմերը, դահլիճը լեփ- լեցուն չէր եւ կային 700-800 մարդիկ: Դա շատ մեծ թիվ է Հայաստանի համար: Եթե Մոսկվայում ապրում են 10 միլիոն մարդ եւ դահլիճում կա 1000 մարդ, Հայաստանի համար մեծ թիվ է, քանի որ մեկ միլիոնանոց քաղաքում չի կարող 1300 դասական երաժշտություն լսող մարդիկ լինել»,- շարունակեց նա:
Իսկ թե ինչո՞ւ Հայաստանում նրա երաժշտությունը շատ չի հնչում, կոմպոզիտորը պատասխանեց. «Հայաստանն իմ տունն է եւ համարում եմ, որ մարդն իր տան մեջ չէ, որ պետք է իրեն ներկայացնի: Սա իմ տունն է, եւ ես պետք է ավելի շատ ծառայեմ, քան վերցնեմ: Նավերը մեծ օվկիանոսում են լողում, վերջում խարիսխ են գցում: Մեր խարիսխը Հայաստանն է, իսկ ճանաչելու տեղը, ներող կլինեք, ամբողջ աշխարհն է»: