Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Մշակույթ

Ամերիկյան կոմպոզիտոր Լորա Կամինսկին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի հետ միասին համերգներով հանդես կգա Երեւանում: Սակայն մինչ համերգները, Նյու Յորքի նահանգային համալսարանի Փուրչեյզ քոլեջի կոնսերվատորիայի դեկան, կոմպոզիտոր Լորա Կամինսկին եւ Արթուր Ավանեսովը այսօր հրավիրել էին ասուլիս` նախատեսվող փառատոնի մասին տեղեկացնելու:

Ամերիկացի կոմպոզիտորն Արթուր Ավանեսովի հետ ծանոթացել է ինտերնետով: Ինչպես պատմում է տիկին Կամինսկին, Արթուրը եւ իր անսամբլը ինտերնետով գտել են վերջինիս ստեղծագործություններից մեկը, հետո կապ են հաստատել իր հետ՝ ստեղծագործությունը կատարելու համար:

«Ես պատասխանեցի, որ ուրախ կլինեմ: Բայց պատասխանի մեջ պարզամիտ հարց կար. ասացի` ես երկու հայ կոմպոզիտորի եմ ճանաչում, դուք նրանց գիտե՞ք: Նա երկուսին էլ գիտեր՝ մեկը Մարգարիտ Սարգսյանն էր, իսկ մյուսը՝ Աննա Մայիլյանը»,- պատմում է Լորա Կամինսկին, ապա հավելում. «Նրանց ես հանդիպել էի 1996թ.: Շուրջ մեկ տարի ես նրանց հետ հանգործակցել եմ: Երբ իմացա, որ նրանք բոլորը մեկմեկու ճանաչում են, եւ քանի որ իմ ստեղծագործությունն էր կատարվելու, որոշեցի գալ եւ ներկա գտնվել»:

Փառատոնը ներառում է երեք համերգ, որտեղ կկատարվի հայկական եւ ամերկյան երաժշտություն: «Ընդ որում, ծրագիրն ընտրելիս աշխատել ենք շեշտը դնել այն կոմպոզիտորների վրա, որոնք կենդանի են եւ ստեղծագործում են: Այսինքն, դա կլինի նորագույն երաժշտություն, տարբեր ուղղություններ՝ ավանգարդ, մինիմալիստական, նոր ֆոլկլորային երաժշտություն: Աշխատել ենք հնարավորին չափ լայն պանորամա ստեղծել»,- տեղեկացնում է Արթուր Ավանեսովը:

Ի դեպ, առաջին համերգը տեղի կունենա այսօր երեկոյան «Նարեկացի» արվեստի կենտրոնում: Երկրորդը կլինի վաղը Կամերային երաժշտության տանը, իսկ երրորդը՝ հինգշաբթի՝ կրկին Կամերային երաժշտության տանը: Առաջին եւ երրորդ համերգներին կհնչի կամերային երաժշտություն, իսկ երկրորդ օրը` դաշնամուրային եւ վոկալ երաշտություն: Համերգին մասնակցում են 25 երաժիշտներ, որոնք կոնսերվատորիայի ուսանողներ են, դասախոսներ, ազատ երաժիշտներ: