Պատժվելու են զինվորի հաշվին հարստացողները. Վիգեն Սարգսյանի ասուլիսը՝ ուղիղ (տեսանյութ)
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ամփոփելու է իր աշխատանքի 118 օրը: Ներկայացնելով իր կատարած աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը՝ նախարարն անդրադարձավ նաեւ Դիլիջանի՝ ՊԵԿ համար նախատեսված հյուրանոցին, որը կառավարության որոշմամբ անցել է ՊՆ-ին: Նա նշեց, որ այն ոչ յոթ, ոչ էլ հինգ աստղանի հյուրանոց է, այլ շատ լավ կրթահամալիր է ու կառուցված է մտածված ձեւով, որը մեծապես կօգնի զինվորների կրթությանն ու վերապատրաստմանը. «Մտահղացման կայացումը վերջնական փուլի է հասել ու սեպտեմբերին արդեն կարող ենք հանձնել շահագործման»: Անդրադառնալով գնումների ոլորտում կոռուպցիոն դրսեւորումներին՝ Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ այնպիսի ընթացակարգեր են մշակելու, որոնք գնումների ոլորտում կբացառեն կոռուպցիոն դրսեւորումների ոլորտում. «Ոչ թե ամեն անգամ լուծել խնդիրը դարպասապահի մոտեցմամբ, որի արդյունքում շատ խնդիրներ դուրս կմնան: Ցանկանում ենք մատակարարման ոլորտում հանել միջնորդ կազմակերպությունների գործունեությունը և գնումներ անել կոնկրետ արտադրողից: Յուրաքանչյուր խնդրահարույց գործի հետեւից գնալու ենք ու հետևողական ենք լինելու, ու քրեական պատասխանատվության ենք ենթարկելու սահմանին կանգնած զինվորի հաշվին ապօրինի հարստանալու փորձ կատարողներին»: ՊՆ 1-28 թեժ գծի հեռախոսահամարով, ըստ նրա, ամեն օր ստանում են մոտավորապես 120-150 հեռախոսազանգ: Նախարարը խոսեց զինվորների կոշիկների խնդրից, որի մասին բազմիցս է խոսվել ու բարձրաձայնվել: Նախարարը նշեց, որ կոշիկը ոչ միայն հարմարավետություն է, այլեւ ազդում է զինվորի ինքնազգացողության վրա. «Նոր պատվիրված կոշիկների բնական կաշվից մասն ավելի շատ է լինելու, որը ավելի հարմարավետ է լինելու, սակայն դա մեզ չի գոհացնում, ու մինչեւ տարեվերջ մենք էլ ավելի լավ կոշիկներ կունենանք»: Ասուլիսին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ