Իրանագետ. «Հայաստանը կարիք ունի անվտանգության այլընտրանքային երաշխիքների» (տեսանյութ)
Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը կարիք ունի անվտանգության այլընտրանքային երաշխիքների։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցին Իրանի Իսլամական Հանրապետություն` ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը. «Ռազմական ոլորտում Իրանի հետ համագործակցության կառուցումը եւ դինամիկ զարգացնելը չափազանց կարեւոր է այս համատեքստում եւս»։ Նա նշեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այց Իրան վերջին անգամ տեղի էր ունեցել յոթ տարի առաջ։ «Այդ ժամանակայատվածում որոշ աշխարհաքաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել, եւ պետք է ենթադրել, որ այցի ընթացքում քննարկումները եղել են բավական առարկայական: Հաշվի առնելով հանգամանքը, որ վերջին հինգ տարիներին Ադրբեջանի տարածքից տեղի են ունեցել անօդաչու թռչող սարքերի մուտք նաեւ իրանական տարածք։ Միաժամանակ, դրանք օգտագործվել են Հայաստանի դեմ։ Ենթադրելի է, որ պետք է տեղի ունենար քննարկում սրանց դեմ պայքարելու շուրջ»։ Իրանագետի դիտարկմամբ, Հայաստանի անկախացումից սկսած հայ- իրանական հարաբերությունները դինամիկ են զարգանում, եւ արդեն ժամանակն է համագործակցել նաեւ ռազմական ոլորտում։ Մինչ օրս նման համագործակցություն չի եղել, քանի որ Իրանում բնակվող ադրբեջանցիների մեծ մասը շիայադավան են, եւ հայկական կողմի հետ ռազմական համագործակցությունը կարող էր շահարկման առարկա դառնալ։ Նման շահարկումներ արդեն առկա են ադրբեջանական մամուլում։ «Մասնավորապես, ադրբեջանական մամուլում նշվում է, որ հայ-իրանական ռազմական համագործակցությունն ուղղված է Ռուսաստանի դեմ; Կա նաեւ տեսակետ, ըստ որի Ռուսաստանն ինքն է Հայասատնին դրդում նման համագործակցության»։ Ադրբեջանում շահարկումների առիթ է դարձել նաեւ Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունն, ըատ որի՝ տարածաշրջանում առկա հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծումը անընդունելի է։ «Ադրբեջանում վստահ են, որ Իրանը ցանկանում է կործանել Ադրբեջանը, ցանկանում է տեսնել թույլ Ադրբեջան, որտեղ ղեկավարում են հոգեւորականները։ Մինչդեռ, Իրանում չունեն որեւէ երաշխիք, որ Ադրբեջանը Իրանի դեմ չի օգտագործի այն ռազմատեխնիկան, որ ձեռք է բերել Իսրայելից՝ Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործելու համար»,-ասաց Ա. Տոնոյանը։