Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԻՆԸ Եւ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Մշակույթ

Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում բացվեց «Կանայք եւ պատերազմը» լուսանկարչական ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Ներկայացված են հայտնի լուսանկարիչների 50-ից ավելի աշխատանքներ, որոնք ընտրվել են ԿԽՄԿ-ի կողմից: Ինչպես ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Իվ Առնոլդը, «Կանայք եւ պատերազմը» ցուցահանդեսի նպատակն է, որպեսզի հայ ժողովուրդը նույնպես տեղյակ լինի, թե պատերազմի ժամանակ կանայք ինչ տանջանքներ են կրում:

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարները կատարվել են Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում եւ Ամերիկայում: Լուսանկարիչները ներկայացրել են պատերազմող, զինված հակամարտության հետեւանքով ազատազրկված եւ սեռական բռնության զոհ դարձած կանանց: «Կանայք եւ պատերազմը» ցուցահանդեսի անդրանիկ բացումը տեղի է ունեցել 2002 թվ. նոյեմբերին Հորդանանում:

Լուսանկարները ցուցադրվել են նաեւ Ժնեւում, Ամանում, Փարիզում, Բեյրութում, Բուդապեշտում, Տաշքենդում, Մոսկվայում, Նալչիկում, Նազրանում, Գրոզնիում եւ Բաքվում:

Ցուցահանդեսին մասնակցում են նաեւ հայ լուսանկարիչներ Ռուբեն Մանգասարյանը եւ Անահիտ Հայրապետյանը, որոնք իրենց լուսանկարներում ներկայացրել են տանջված հայ կնոջ կերպարը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 22-ը: