Վահան Շիրխանյանին տեղափոխում են
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից ցանկանում են տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: «Նրանք ուզում են լրացուցիչ պրոբլեմ եւ լրացուցիչ անգամ ֆիզիկական ցավ պատճառել Վահան Շիրխանյանին»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը: Պաշտպանի խոսքով՝ սա խոշտանգման նոր ձեւ է, քանի որ Վահան Շիրխանյանը ողնաշարի անտանելի ցավերի պատճառով չի կարողանում մեքենա նստել. «Նույնիսկ 5 րոպեանոց ճանապարհ չկարողացավ գնալ՝ արյան անալիզ հանձնելու համար, հիմա էլ ուզում են 40 րոպեանոց ճանապարհ տանել»: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը չի մասնակցում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Արթուր Վարդանյանի` զինված խմբի գործով դատական նիստերին, նա ցանկանում է իրեն պատգարակ տրամադրել: Մինչդեռ հիմա էլ նիստերին մասնակցելու համար 40 րոպեանոց ճանապարհ պետք է անցնի մեքենայով: «Ուղեկցող մեքենան անընդհատ թափահարում է եւ ողնաշարի ցավեր ունեցող մարդու համար սա խոշտանգում է»,- ավելացրեց Հայկ Ալումյանը: Այս քայլով, ըստ պաշտպանի՝ ցանկանում են Վահան Շիրխանյանի կամքը կոտրել, սակայն դա իրենց չի հաջողելու: