«Լուկաշենկոն չի հասկացել, թե ինչ կարող է իր հետ անել Ռուսաստանը»
«Եթե Բելառուսում Հայաստանի դեսպանն ասում է, որ նա այնտեղ բան չունի անելու, ապա լավ կլինի նա տուն վերադառնա»,- կարծում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ու հավելում, որ դա դեսպանի համար ընդունելի արտահայտություն չէր. «Դիվանագիտությունը կայանում է նրանում, որ ժամանակին հասկանաս, թե ինչ է կատարվում, ժամանակին դիմես այնպիսի քայլերի, որ քո երկրի շահերը չոտնահարվեն»: Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը Մինսկում, ապա արտահանձնումը Բաքվին, Արման Նավասարդյանը համարում է ապտակ Հայաստանին, բայց նա համոզված է, սա ոչ թե իրավական, այլ քաղաքական ակցիա է: Արտակարգ եւ լիազոր դեսպանը, սակայն, սխալ է համարում դիվանագիտական հարաբերությունների խզումը Բելառուսի հետ: Ըստ նրա դա չափազանց հուզական մոտեցում կլինի. «Դա ծայրահեղ, պատերազմական շեմին գտնվող երկրների քաղաքականություն է: Բացի այս իրողությունից, գոյություն ունեն պետական շահեր»: Դեսպանը համոզված է, որ Ադրբեջանը այս ամենը ծրագրավորել էր նախապես, իսկ Բելառուսը չկորցրեց առիթը ու ցույց տվեց իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ. «Սա վերաբերմունքն էր նաեւ ՀԱՊԿ-ի նկատմամբ, նա գտնվում է այդ միությունից դուրս գալու շեմին, իր քաղաքական գիծը տանում է հենց դրան»: Այս ամենից Հայաստանը կարող է օգտվել՝ վստահ է դեսպանը. «Սա դինամիտի դեր կարող է խաղալ Ադրբեջանի ու Բելառուսի համար, քանի որ նրանք սկզբից մինչեւ վերջ խախտել են բոլոր կանոնները, թե գրված, թե չգրված օրենքները: Սա պետք է առիթ լինի, որ մենք վերանայենք մեր կրավորական որոշումը: Մենք պետք է ունենանք ակտիվ, հարձակվողական դիվանագիտություն, պետք է աշխատեցնենք ոչ միայն պաշտոնական, այլեւ հանրային դիվանագիտությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Օգտվելով առիթից՝ Հայաստանը պետք է վերանայի նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս ամենի արդյունքում, արտակարգ եւ լիազոր դեսպանի կանխատեսմամբ, Բելառուսը միայն կտուժի. «Այսքան տարի լինելով իշխանության գլխին՝ Լուկաշենկոն չի հասկացել երեւի, թե ինչ կարող է լինել իր հետ, եթե Ռուսաստանը սկսի իր հետ վարվել այնպես, ինչպես ինքն է անում: Բելառուսը Ուկրաինա չէ, նա որպես պետականություն միանգամից կփոշիանա»: