Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմենպրես. Ալիևի հայտարարությունը արհամարհանք է ՄԽ համանախագահող երկրների հանդեպ. Քոչարյան

Քաղաքականություն
aabd3c0dc4c2a178a9d82f2d133091fb

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն «Արմենպրես»­ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե ապրիլյան գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պահպանումն Ադրբեջանի ներքին գործն են: ­ Պարո´ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ապրիլյան գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է: ­ Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Միջազգային հանրությունը և միջնորդական առաքելության մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմիցս հանդես են եկել կոչերով անշեղորեն առաջնորդվել վերոնշյալ համաձայնագրերով, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Ակնհայտ է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է վերոնշյալ համաձայնագրերով Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում, Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերի բացահայտ արհամարհում և ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Վերջին հայտարարությունով Ադրբեջանի ղեկավարությունը ոտնահարում է միջազգային հանրության խաղաղասիրական ջանքերը և ձեռնոց նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Կամ Ադրբեջանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը համարելով իր ներքին գործը, ձևացնում է, որ մասնակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցություններին, կամ մասնակցում է բանակցություններին՝ ձևացնելով, որ դա իր ներքին գործն է: Երկու դեպքն էլ ուղղված են միջազգային հանրության միջնորդական ջանքերի տապալմանը: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, չգիտակցելով այդ ամենը, դա չի ազատում նրան ապրիլյան ագրեսիայի ընթացքում իր կողմից իրականացված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից: