Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանք փնտրողների թիվն աճում է (տեսանյութ)

Հասարակություն
ashxatanq-nkar-2

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանք է փնտրում 95 հազար 800 մարդ: Գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանի խոսքով՝ պահանջարկ կա թե բարձր, թե միջին մասնագիտական որակավորում ունեցողներ աշխատողների: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն աճել է 8,8 տոկոսով: Աշխատանք փնտրողի և գործատու միջև կապ ստեղծելու նպատակով Զբաղվածության պետական գործակալությունն ամեն տարի աշխատանքային տոնավաճառ է իրականացնում Երևանում և մարզերում: 2016 թվականին կազմակերպված 11 տոնավաճառների արդյունքում 15 հազար մասնակցից աշխատանք է գտել 461-ը:  Միշտ չէ, որ գործատուի և աշխատանք փնտրողի ցանկությունները համընկնում են: «Լինում են դեպքեր, երբ աշխատավարձն, իրոք, ցածր է, քանի որ գործատուն այդքան է կարողանում վճարել՝ օրենսդրությամբ սահմանված, իհարկե: Անկախ ամեն ինչից, գործատուն ինքն  է որոշում՝ ում վերցնել աշխատանքի՝ ըստ իր մասնագիտական կարիքների»,-նշեց պարոն Սահակյանը: Զբաղվածության պետական գործակալությունը 2017 թվականին ծրագրում է տասը աշխատանքային տոնավաճառ անցկացնել: Գարիկ Սահակյանի խոսքով՝ այս տարի ծրագրերը փորձելու են ավելի հասցեական դարձնել: Լուրջ խնդիր է մնում  հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հարցը: Այս առումով զբաղվածության պետական գործակալությունը ուղիներ է փնտրում: «Հաշմանդամների մասով ունենք փոխհատուցման ծրագիր, որը փոխհատուցում է գործատուին,  հարմարեցման ծրագիր ունենք՝ հարմարեցնում ենք հաշմանդամին աշխատանքի վայրը:  Մենք ունենք խնդիր հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու հարցում, որովհետև ունենք մոտ 95 հազար գրանցված աշխատանք փնտրողներ, նրանից 3-4 տոկոսն է, որ մեզ մոտ գրանցված են որպես հաշմանդամներ, ինչը շատ քիչ է»: Հանրապետությունում շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 66 տոկոսը: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23,8 տոկոսը, իսկ հաշմանդամություն ունեցող անձիք՝ 3,6 տոկոս: Մանրամասները՝ տեսանյութում: