A
A
Ներսես Պողոսյանը դատարանին հիշեցրել է երեք երեխաների մասին
«100- ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը։ Պաշտպան Արայիկ Պապիկյանը մեծ հույս ուներ , որ դատարանը կկիրառեր գրավ։ Որոշումից Ներսես Պողոսյանը շատ էր վրդովվել․ «Դատարանում հայտարարություն չարեց։ Միայն խնդրեց խափանման միջոցը փոխել եւ թույլ տալ երեխաների խնամքով զբաղվել»,- «Ա1+»-ին ասաց Արայիկ Պապիկյանը։ Պաշտպանը վաղը տեսակցելու է արդեն 9 ամիս կալանավայրում գտնվող Ներսես Պողոսյանին։ Նա մեղադրվում է կազմակերպված խմբում լինելու համար։ Իր խափանման միջոցը փոխելու պահանջով Ներսես Պողոսյանը դիմել էր նաեւ ծայրահեղ միջոցի՝ հացադուլ եւ ջրադուլ էր հայտարարել։