Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  ՀՅԴ-ն առաջինն էր, ՀԱԿ-ը՝ վերջինը. 9 ուժ ներկայացավ ԿԸՀ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-4-2

Ինը քաղաքական ուժեր հայտ ներկայացրին ԱԺ ընտրությունների  մասնակցության։  Օրվա երկրորդ կեսին նրանք մեկը մյուսի ետեւից շտապում էին ԿԸՀ։ Առաջինը՝ 15։30-ին ԿԸՀ ներկայացավ ՀՅԴ-ն։ Դաշնակցության ներկայացուցիչները մեկնաբանություններով հանդես չեկան։ Հաջորդը ԿԸՀ շենք եկան ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները։ Հավաստիացրին՝ իրենց ցուցակը լավագույններից է. «Շատ մրցունակ, առավել քան մրցունակ»։ Ելք-ի փաստաթղթերը ԿԸՀ բերած նախկին լրագրողը պահը բաց չի թողնում իրենց թեկնածուների առավելությունները ներկայացնելու. «Բոլորը մաքուր անցյալով, ազնիվ, անկաշառ և ինչ դրական հատկանիշներ գիտեք, կարող եք բնութագրել մեր թեկնածուներին»։ Ընդդիմադիր Ելքին հաջորդում է իշխող ուժը։ ՀՀԿ-ի ներկայացուցիչները փաստաթղթերի հետ մեկտեղ նաև քաղցրավենիք էին բերել։ Իսկ, թե իրենց շանսերն ինչպես են գնահատում,  չեն շտապում գլուխ գովալ։ «Ժողովուրդը կգնահատի»։ Առավել մարտական էին ներկայացել Ծառուկյան դաշինքի լիազոր ներկայացուցիչները. «Ես կարծում եմ մենք հաղթելու ենք»։ ԲՀԿ-ի ցուցակում չկա Հովիկ Աբրահամյանը, բայց իններորդ տեղում է նրա  որդին՝ Արտաշատի գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանը։ Վստահ են՝ իրենց համար կանի առավելագույնը. «Կներեք, եթե մեր թեկնածուներից մեկը դուք լինեիք չէիք աշխատելո՞ւ»։ Ապրիլյան ընտրություններին կոմունիստները գնում են միավորված։ Առաջադիմական կոմունիստականը միացել է մայր կուսակցությանը. «Մենք գնում ենք հաղթանակի,  մինիմում 5% վերցնելու ակնկալիքով»։ Կոմունիստներին հաջորդում են նրանց գաղափարական հակառակորդները։ Ազատ Դեմոկրատները կհամագործակցեն բոլոր ուժերի հետ՝ կանխելու ընտրակեղծիքները։ «Այս ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի Հանրապետության համար»։ Այս ուժի հետ կգնա նաև Էլեկտրիկ Երևանի ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանը։ Նա ԿԸՀ ծաղկեփունջ էր բերել։ Իսկ թե ում համար, ինքը չգիտի. «Աղջիկները կորոշեն այնտեղ ում տանք ծաղիկները»։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետից 13 րոպե առաջ «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներն են ժամանում։ Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդն է. «Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ 11-րդ տեղն էլ հաղթանակ կբերի»։ Իսկ վերջում  Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ ներկայացուցիչներն են գալիս. «ՀԱԿ-ն ունի խաղաղության պլատֆորմ, ցավոք սրտի որևէ այլ ուժ այդպիսի պլատֆորմով չի մտնում»։ 10  օրվա ընթացքում ԿԸՀ-ն կուսումնասիրի կուսակցությունների ու դաշինքների դիմումները։ Իսկ քարոզարշավը պաշտոնապես կսկվի մարտի 5-ին, եթե չփոխվի քվեարկության օրը։