Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարիթաղցիների հույսը օտարերկրյա դեսպանատներն են

Քաղաքականություն
gaz

Անցած տարվա ամառվանից անազատության մեջ գտնվող սարիթաղցիների հարազատները շարունակում են պայքարը։ Այսօր սկսեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ խնդրում են աջակցել ընտանիքի անդամների ազատ արձակմանը։  «Մի՞թե մի հրահրված ընդհարման համար 3-ից 8 տարի հոդված են դնում։ Ունենք ձեր աջակցության կարիքը և խնդրում ենք, որ օգնեք»,- դիմեցին ԱՄՆ դեսպանատան պաշտոնյային։ Նախորդ տարվա հուլիսին Սասնա ծռերի գործողությունից հետո Սարի թաղը շրջափակման մեջ էր հայտնվել։ Բնակիչները զրկվել էին կոմունալ ծառայություններից, չէր գործում տրանսպորտը։ Իրավիճակի դեմ ընդվզման հետևանքով բախում էր առաջացել ոստիկանների ու սարիթաղցիների միջև։ 7-8 ամիս անց 10 սարիթաղցիներ դեռ գտնվում են անազատության մեջ։  «Մենք բողոքում ենք դատական համակարգի դեմ, որ արդար չի կայանում ոչ մի դատավարություն»,- ասում է անազատության մեջ գտնվող Էդուրադ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը։ Օգնության խնդրանքով ծրարը պետք է հանձնվեր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաներին։ Սարիթաղցիներին սակայն այստեղ ոչ ոք չլսեց, փոխարենը հորդրորեցին նամակը նետել արկղի մեջ։  «Բայց նրանք մեր եղբայրներն են, մեր թևութիկունքն են, չե՞ն ուզում գան»,- եղավ այսպիսի արձագանք։ Օտարերկյա դեսպաններին նամակներ ուղղելով՝ հույս ունեն Հայաստանի իշխանությունների ուշադրությունը սևեռել անօրինական դատավարությունների վրա։ Սարի թաղի գործով կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը պնդեց՝ գրեթե բոլոր գործերով դատավարությունները ընթացել են անօրինական որոշումներով։ «8 ամիս գործը գտնվել է Հատուկ քննչականում, քննել-քննել են, բայց չգիտեն՝ ով ինչ է արել։  Ոստիկանները ոչ մեկը չեն ճանաչում 10 կալանավորվածներից, խափանման միջոց ազատությունը միանշանակ մերժում են բոլորին։ Տուժող ոստիկաններն իրենք են ասում՝ պահանջը եղել է գազը, ջուրը, տրանսպորտը։ Էդ դեպքում՝ ի՞նչ բռնություն է կիրառել Սարի թաղը ոստիկանների հանդեպ»։ Պահանջների հասցեատերը Գլխավոր Դատախազությունն էր՝ «Ազատություն» բացականչություններով։ «Բա մենք մարդ չե՞նք, էդ ձայներ տանելու ժամանակ գալիս եք, ուզում եք, մեկն ու մեկդ եկեք ժողովրդի դեմը խոսեք»։ Սարիթաղցիները անհիմն են համարում ոստիկանի դեմ բռնություն գործադրելու մեղադրանքը։ Հիմնականում Դատախազության այս գնահատականն է հիմք դարձել սարիթաղցիների ազատազրկման։ Արդեն 7-րդ անգամ են գալիս Գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդպես էլ նրանց չընդունեց, փոխարենը հերթական նամակը վերցրին։  «Ութ ամիս մարդիկ կալանավորված են, ինչի՞հիման վրա են տալիս»։ Քրեական գործերի ընթացքը վերանայելու պահանջով նամակը նաև նախագահական տարան։ Սարի թաղի գործով կալանավորվածների փաստաբանները ևս հայտարարում են՝ դատավարություներնն ընթանում են խախտումներով։ Իրականության հետ կապ չունեն նաև առաջադրված մեղադրանքները։