«Ցավոք, չկարողացանք իրականացնել Լենինի դեկրետը» (տեսանյութ)
Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը գնում է խորհրդարանական ընտրությունների՝ «Հայրենիք, սոցիալիզմ, աշխատանք» կարգախոսով: Վ. Սաֆարյանը նշեց, որ իրենք նպատակ ունեն ցույց տալ ժողովրդին, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հնարավոր է փոխել եւ սոցիալական արդարություն ապահովել: «Մենք ցանկանում ենք վերականգնել Հայաստանի քաղաքացիների անվճար կրթության, բուժօգնության, բնակարան եւ աշխատանք ուենալու անքակլելի իրավունքը; Տնտեսության զարգացման առանցքում արդայունաբերական քաղաքականության իրականացումն է. եւ առաջին օրենքը, որ մենք ընդունելու ենք խորհրդարանում հայտնվելու դեպքում ՝ արդյունաբերության քաղաքականության մասին օրենքն է»: Վ. Սաֆարյանը վստահ է, որ կոմունիստական կուսակցությունն ունենալու է մեծ հաջողություն, քանի որ իրենք առաջարկելու են արժանապատիվ ապրելու եւ թմբիրից դուրս գալու հնարավորություն: «Մեր կուսակցությունը վստահ է իր ուժերին, որ կարող է ապահովել սոցիալական երաշխիքներ, քանի որ արդեն ցույց է տվել, որ կարող են նման հնարավորություն ստեղծել»: Կոմունիստ թեկնածուն նշեց նաեւ, որ իրենք ունեցել են թերություններ, դրանք երեքն են եղել` մարդուն տնտեսական ազատություն տալու հնարավորություն չի եղել, չի եղել բազմակուսակցական համակարգ, ինչպես նաեւ երկաթյա վարագույրով պետք չէր անջատել խորհրդային միությունը: Ապագայում այս սխալները վերացվելու են»,-վստահեցրեց նա: Անդրադառնալով ազգերի ինքնորոշման սկբունքին` նա նշեց, որ Լենինը միակ ղեկավարն է, որ ընդունել է դեկրետ՝ Արեւմտյան Հայաստանի մասին: «Ցավոք մենք չկարողացանք այն իրականություն դարձնել, սակայն այդ դեկրետը եղել է»: