Բացել լրահոսը Փակել լրահոսը
1602958741_5896199
A A
Պաշտոնական

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԶԾ-ն մեկնարկում են համաշխարհային արշավ

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր մեկնարկել են «Եկա, տեսա, դարձա» (See It, Be It) համաշխարհային արշավը։ Արշավի նպատակն է՝ օգնել երիտասարդներին բացահայտելու անձանց, հմտություններ ու մասնագիտական հնարավորություններ, որոնք կարող են նպաստել բնության պահպանությանն ու ցածր ածխածնային ապագայի կերտմանը։

Արշավի շրջանակում կներկայացվեն երիտասարդ մասնագետներ, որոնք գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի, գյուղատնտեսության, հաղորդակցության, ֆինանսների, ստեղծարար ոլորտների և համայնքային առաջնորդության միջոցով նպաստում են դրական փոփոխություններին։ Էկոհամակարգերը վերականգնող գիտնականներից ու կայուն բիզնեսներ զարգացնող ձեռներեցներից մինչև նոր տեխնոլոգիաներ ստեղծող նորարարներ և տեղական միջավայրը պաշտպանող համայնքային առաջնորդներ՝ նրանց պատմությունները ցույց կտան, թե ինչպես կարելի է ընտրել մասնագիտական ուղի, որը նպաստում է թե՛ մարդկանց բարեկեցությանը, թե՛ մոլորակի պահպանությանը։

Երիտասարդներին կայուն ապագա կերտելու համար միայն նոր հնարավորություններ առաջարկելը բավարար չէ։ Նրանք պետք է իմանան այդ հնարավորությունների մասին, հասկանան՝ ինչպես օգտվել դրանցից և տեսնեն իրենց համար օրինակելի մարդկանց, որոնք արդեն աշխատում են այդ ոլորտներում։

Հետազոտությունները, այդ թվում՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Cultivating Green Futures» ուսումնասիրությունը («Կանաչ ապագայի կերտում»), ցույց են տալիս, որ երիտասարդների մասնագիտական ակնկալիքները շարունակում են սահմանափակվել ավանդական մասնագիտությունների համեմատաբար փոքր շրջանակով։

Միևնույն ժամանակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Եվրոպական կրթական հիմնադրամի (European Learning Foundation) համատեղ՝ «Learning for Careers» ուսումնասիրությունը («Ուսումնառություն՝ հանուն մասնագիտական ապագայի») փաստում է, որ մասնագիտական կողմնորոշման համակարգերը բավարար չափով չեն ներկայացնում կանաչ անցման արդյունքում ի հայտ եկող նոր հնարավորությունները։ Այս բացերը վկայում են երիտասարդներին մասնագիտական հնարավորությունների ավելի լայն շրջանակ ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Սա հատկապես կարևոր է զարգացող երկրներում, որտեղ մասնագիտական կողմնորոշման ծառայությունները հասանելի են ավելի սահմանափակ թվով երիտասարդների, իսկ մասնագիտական կապեր հաստատելու հնարավորությունները սակավ են։

«Եկա, տեսա, դարձա»  արշավը նպատակ ունի ընդլայնելու երիտասարդների պատկերացումներն իրենց մասնագիտական հնարավորությունների մասին՝ նրանց ծանոթացնելով տարբեր փորձ ու կենսագրություն ունեցող մարդկանց, որոնց օրինակով նրանք կարող են ոգեշնչվել։ Արշավը կօգնի երիտասարդներին տեսնելու, թե ինչպես կարող են իրենց հետաքրքրություններն ու հմտություններն օգտագործել ավելի կայուն ապագա կերտելու համար։ Մինչև 2027 թվականի վերջը արշավը նախատեսում է իր ուղերձը հասցնել աշխարհի 500 միլիոն երիտասարդի։

Գործընկերային արշավ

«Եկա, տեսա, դարձա»  արշավը համատեղ նախաձեռնություն է, որը հիմնված է գործընկերության և համատեղ աշխատանքի վրա։ Այն միավորում է կազմակերպությունների, երիտասարդական ցանցերի, մանկավարժների, գործատուների, հաղորդակցության ոլորտի մասնագետների և կայուն զարգացման փորձագետների՝ հաջողության պատմությունները տարածելու և դրանց լսարանն ընդլայնելու համար։

Արշավին միացած առաջին գործընկերների թվում են Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցը (GYBN), որը միավորում է կենսաբազմազանության պահպանությամբ զբաղվող երիտասարդներին, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո գործող՝ երեխաների և երիտասարդների պաշտոնական գլոբալ ցանցի՝ YOUNGO-ի բնության (պահպանության) աշխատանքային խումբը, ինչպես նաև Երիտասարդ բանակցողների ակադեմիան (Youth Negotiators Academy), որն աջակցում է երիտասարդներին՝ զարգացնելու բազմակողմ բանակցություններին և որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։

Արշավի գործընկերներին առաջարկվում է կիսվել իրենց պատմություններով, իրենց ցանցերի միջոցով տարածել մասնակիցների փորձի մասին պատմությունները և օգնել, որ տարբեր երկրների ու համայնքների երիտասարդները ծանոթանան հաջողության հասած մարդկանց ու մասնագիտական հնարավորությունների ավելի լայն շրջանակի։

«Յուրաքանչյուր երեխա և երիտասարդ պետք է հնարավորություն ունենա պատկերացնելու իր ապագան և հասկանալու, թե ինչպես կարող են իր հետաքրքրություններն ու տաղանդը նպաստել կայուն զարգացմանը։ Երիտասարդները փոփոխությունների շարժիչ ուժն են։ Նրանց ծանոթացնելով տարբեր ոլորտներում հաջողության հասած մարդկանց և ներկայացնելով դրական փոփոխությունների մասին պատմություններ՝«Եկա, տեսա, դարձա» արշավը կօգնի ընդլայնել նրանց պատկերացումները, ամրապնդել սեփական ուժերի հանդեպ վստահությունը և ոգեշնչել բացահայտելու այն բազմաթիվ ուղիները, որոնցով իրենք կարող են նպաստել ավելի դիմակայուն աշխարհի կերտմանը», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին։

«Գիտական տվյալները ցույց են տալիս, որ եթե շարունակենք ապրել այնպես, ինչպես հիմա, ապա մինչև 2050 թվականը մեր կարիքները բավարարելու համար երեք Երկիր մոլորակ կպահանջվի։ Բնության հետ ներդաշնակ կենսակերպի, ցածր ածխածնային տնտեսության և հասարակության անցումը ընտրության հարց չէ։

 Գալիք սերունդներն ունեն հսկայական ներուժ՝ ձևավորելու այնպիսի ապագա, որտեղ մարդիկ ու բնությունը կբարգավաճեն։ Սակայն այդ ներուժը բացահայտելու համար անհրաժեշտ են հնարավորություններ, իսկ դրանցից օգտվելու առաջին քայլը հաճախ պատկերացնելն է, թե ինչն է հնարավոր։ «Եկա, տեսա, դարձա»  արշավի միջոցով ցանկանում ենք ավելի տեսանելի դարձնել փոփոխություններն առաջ մղող մարդկանց և մասնագիտական ուղիները, որպեսզի ավելի շատ երիտասարդներ գիտակցեն, որ իրենց տաղանդներն ու կարողությունները կարող են կարևոր դեր ունենալ կայուն ապագա կերտելու գործում», - նշել է Միդորի Փաքսթոնը՝ ՄԱԶԾ-ի կենսաբազմազանության և էկոհամակարգերի հարցերով գլոբալ ղեկավարը։

Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով: