«ԵԱՀԿ-ն անընդհատ պահպանում է սպանությունների ռեժիմը» (տեսանյութ)
«Ղարաբաղյան կոնֆլիկտ գոյություն չունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն արհեստականորեն պահպանում է կոնֆլիկտը, որպեսզի կառավարի տարածաշրջանը: «Մինչև սա չհասկանանք, անընդհատ մեզ պատեպատ ենք տալու, իսկ մեր երիտասարդներին տալու են զոհասեղանին, քանի որ ԵԱՀԿ-ն անընդհատ պահպանում է սպանությունների ռեժիմը»,-ասաց պարոն Մանուչարյանը: Նրա խոսքով՝ պետք է պահանջել ԵԱՀԿ-ից, որպեսզի այդ կառույցը հետաքննություն անցկացնի սահմանում գրանցված միջադեպերի հետ կապված: «Սարսանգի հետ կապված ինչպե՞ս ԵԱՀԿ-ն հետաքննություն անցկացրեց և հրահրեց ապրիլյան պատերազմն իր բանաձևերով»: Ասուլիսին ներկա՝ ՀՀԿ հիմնադիրներից Կարապետ Կարապետյանը համաձայնեց Աշոտ Մանուչարյանի հետ, որ Ղարաբաղյան կոնֆլիկտ գոյություն չունի: «Այս լարվածությունը կշարունակվի մինչ այն պահը, երբ մենք վերջապես կհասկանանք, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները բացարձակապես ուրիշ պատճառներ ունեն»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր պետությունը սեփական խնդիրները լուծելու կամք և ցանկություն չունի: Ըստ Կարապետ Կարապետյանի՝ ընտրություններից առաջ Ազգային ժողովում պետք է բարձրացնել ռուս-թուրքական պայմանագրի հարցը, որից էլ, ըստ նրա, բխում են մեր երկրի բոլոր խնդիրները: