«Այսքան ժամանակ մեկը չի եղել՝ ինձ ասի, թե ես կեղծ ընդդիմություն եմ» (տեսանյութ)
«Մեր երկրում փոփոխությունները պետք է լինեն ոչ թե կոսմետիկ, այլ ֆունդամենտալ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագիրը կազմելիս առաջնորդվել է մի քանի սկզբունքով. «Մեր ծրագրային դրույթների և 15 հիմնական քայլերի հիմքում ընկած է գիտական, վերլուծական միտք, որը ոչ թե 1-2 մարդու, այլ 100-ավորների աշխատանքի արդյունքն է, նաև՝ արտասահմանյան մասնագետների: Երկրորդը՝ Գագիկ Ծառուկյանի կենսափորձն է, որ մարդը վերջին 20 տարում այս տիպի երկրում զրոյից հասել է հաջողության»,-ասաց Մելքումյանը՝ համոզմունք հայտնելով, որ իրենց ծրագիրն իրատեսական է, նույնիսկ այն դեպքում, եթե խորհրդարանում մեծամասնություն չկազմեն: «Մենք իշխանատենչ չենք, իշխանական մոլուցքով չենք տառապում: Կյանքը ցույց կտա: Եթե կարողանանք մնանք ոչ իշխանություն և մեր ծրագրերի մի մասը պարտադրենք կառավարությանը, ապա դա բխելու է ժողովրդի շահերից: Օրինակ՝ նույն թոշակները 25 հազար դրամով բարձրացնելու հարցը, որն այդքան քննարկվեց: Զարմանում են, թե ոնց է հնարավոր նման բան, բայց ինձ էլ զարմացնում է, թե ոնց հնարավոր չէ: Այսինքն, այս երկիրն այն երկիրն է, որտեղ հինգ տարում չե՞ն կարողանալու թոշակ բարձրացնել: Այդ ի՞նչ երկիր է: Պարզ հաշվարկ եմ անում՝ 460 հազար թոշակառու անգամ 25 հազար դրամ, անում է 11,5 մլրդ դրամ, անգամ 12 ամիս, ստացվում է՝ 130 մլրդ դրամ: Մենք գրել ենք մեր ծրագրում առնվազն 6 տոկոս տնտեսական աճ, 1 տոկոս աճը ապահովում է 18 մլրդ դրամ պետական բյուջե, սա ապացուցված փաստ է, իսկ 6 տոկոս աճն արդեն 100 մլրդ-ից ավել է անում: Սա այն դեպքում, երբ այդ փողը հետ է գալու, քանի որ թոշակառուն թոշակը ծախսելու է՝ կոմունալ է վճարելու, դեղեր է առնելու: Երեք ամսում այդ փողը հարկերով հետ է գալու»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հասարակության շրջանում ԲՀԿ-ն հայտնի է որպես կեղծ ընդդիմություն և իշխանության դրածո, պատգամավորն արձագանքեց. «Իշխանությունն իրեն այդպիսի շռայլություն թույլ չէր տա, որ խնդրեր մի ուժ գար, որը հավակնում է հաղթանակի: Այսքան ժամանակ մեկը չի եղել՝ ինձ ասի, թե ես կեղծ ընդդիմություն եմ, կտրականապես հերքում եմ այդ հարցադրումը և համարում դա կեղծ և արհեստածին»: Միքայել Մելքումյանը չցանկացավ խոսել ընտրություններից հետո իրենց հետագա քայլերի մասին: Իշխանության հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին էլ ասաց. «Եթե կոալիցիայում որևէ որոշում կայացնելու համար բավարար ձայն չենք ունենալու, անիմաստ է նման կոալիցիա կազմել»: Պարոն Մելքումյանը չասաց նաև, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն, միայն նշեց՝ ամեն ինչ տրամաբանական է: