Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն կվերցնի նոր վարկը, որը կավելացնի պետական պարտքը (տեսանյութ)

Քաղաքականություն
tdgTEM5wQJA

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել «Ասիական զարգացման բանկի ու ՀՀ միջեւ ստորագրված վարկային համաձայնագիրը», որը նպատակ ունի բարելավել Ալավերդի-Վանաձոր-Վրաստանի սահմանի միջպետական ճանապարհը: Նախագիծը ներկայացնում է Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արթուր Առաքելյանը: Նա նշեց, որ այս վարկային համաձայնագրով պետք է հիմնովին վերանորոգվեն ճանապարհին առկա թունելները, 12 կամուրջ, արդյունքում արագությունը կաճի 2,5 անգամ: Վարկի չափը 44 մլն եվրո է: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, նրան հարց ուղղելով, հետաքրքրվեց՝ այս 44 մլն եվրոն ավելանում է առկա պետական պարտքի՞ն. «Նաեւ ուզում եմ իմանալ՝ ՀՀ-Վրաստան վերջին հանդիպման ժամանակ գազի տեղափոխման առումով մեր բանակցությունները ավարտվել են, թե ոչ»: Ի պատասխան փոխնախարարը նշեց, որ գազի հետ կապված որեւէ տեղեկություն չունի, իսկ ինչ վերաբերում է պետական պարտքի ավելացմանը, ապա այս վարկը եւս ավելանալու է առկա պետական պարտքին: «Բոլոր նախարարություններդ, ձեր ծրագրերն իրականացնելու համար, փորձում եք հաստատել ձեր սիրուն ծրագրերը, միչդեռ պետական պարտքն արդեն անցել է ՀՆԱ-ի 50 տոկոսի շեմը»,- արձագանքեց Արամ Մանուկյանը:  Փոխնախարարը վստահեցրեց, որ իրենք արդյունավետորեն են կառավարում վարկային միջոցները: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին նշեց. «Ճանապարահաշինությունը այն տեղն է, որտեղ ամենից շատ են լինում ատկատներն ու կոռուպցիոն ռիսկերը, մինչդեռ ասում եք՝ թափանցիկ ու լավ մրցույթներ են անցկացվել այս բնագավառում: Այդ դեպքում հասարակության բարեկեցության մակարդակը պետք է բարձրանար, ինչը մենք չենք տեսնում»:  Արթուր Առաքելյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար պետք է երկու բան անել՝ գործել թափանցիկ ու արդյունավետ կառավարել, ինչն իրենք արել են: