Պետական ահաբեկչությունից անցել է 9 տարի․ իրավական գնահատական չի տրվել
2008 թ. Մարտի մեկից արդեն 9 տարի է անցել: Մինչ օրս իրավական գնահատական չի տրվել այդ և հաջորդող 20 օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և հրամանով ՀՀ անզեն քաղաքացիների նկատմամբ իրականացված պետական ահաբեկչությանը, բացահայտված չեն առնվազն տասը զոհերի մահվան հանգամանքները, և ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Արձագանքելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության հայտարարություններին, որոնցով վերջինս հասարակության աջակցությունն է ակնկալել՝ զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու գործում՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բազմիցս հանդես է եկել դրան ուղղված առաջարկություններով, հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ տեղեկատվական հարցումներով: Բոլոր դեպքերում պատասխանը նույնն է եղել՝ «քրեական գործով ձեռնարկվել ու ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների դեպքերը, այդ թվում՝ տասն անձանց մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»: Կազմակերպությունը ամիսներ առաջ առաջարկել էր նաև հարցաքննել ՀՀ ներկայիս ոստիկանապետ, 2008 թ. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Վլ. Գասպարյանին՝ հիմք ընդունելով լրատվամիջոցներից մեկին տարբեր ժամանակահատվածներում վերջինիս տված իրարամերժ բովանդակությամբ հարցազրույցները: Դրանցում Վլ. Գասպարյանը մեկ պնդում էր, որ հակասահմանադրական որևէ գործողություն ինքն ի պաշտոնե չի իրականացրել և տրամաբանական համարում բանակի ներգրավումը, ապա ժխտում ինքն իրեն՝ բացառելով բանակի մասնակցությունը մարտիմեկյան իրադարձություններին: Իսկ ավելի ուշ՝ առաջարկում սրբագրել իր որոշ պատասխաններ: Սրան ի պատասխան ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը բավարարվել էր «նամակը քրեական գործին կցելով» միայն՝ «անհրաժեշտության դեպքում» քննչական գործողություններ կատարելու խոստումով՝ բացարաձակ ոչ շահագրգիռ կեցվածք ընդունելով մարտիմեկյան հանցագործությունները կատարածներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու գործում: Ինը տարի շարունակ քրեական գործի քննությունը դոփում է տեղում, և առավել, քան ակնհայտ է, որ իրավասու մարմինները գործին ընթացք տալու և նույնիսկ սպանությունը կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու «անհրաժեշտություն» չեն տեսնում: Անպատժելիությունը մնում է չհաղթահարված․․․ ՀՔԱՎ