Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ցանկանայինք սիրտ շահել, բենզինի գինը չէր թանկանա» (տեսանյութ)

Քաղաքականություն
PEWhSaMmD3Y

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցն ուղղված էր վարչապետ Կարեն Կարապետյանին. «Ո՞րն է ձեր վարած քաղաքականության հիմքում ընկած փիլիսոփայությունը: Իմ հարցը վերաբերում է մենաշնորհներին: Մասնավորապես, երբ դուք նշանակվեցիք, շատ էր խոսվում, որ դա բերեց բենզինի գների անկման՝ այն դարձել է 330 դրամ: Սա մատուցվում էր՝ որպես մենաշնորհների դեմ ձեր գործունեության արդյունք, սակայն հիմա բենզինի գինը բարձրացել է ու դարձել 370 դրամ: Մինչդեռ մենաշնորհների դեմ ոչ թե խոսքերով, այլ համակարգային ձեւով պետք է պայքարել»: Կարեն Կարապետյանը նշեց, որ իր պատասխանը վերաբերում էր գերիշխող դիրք ունեցողներին, այլ ոչ թե բնական մոնոպոլիաներին, որոնց գործունեությունը եւս կարգավորվում է պետության կողմից եւ սահմանափակված է նրանց ազատությունը. «Եթե դա առաջանում է մրցունակ դաշտում, ապա դա բնականոն մենաշնորհ է, եթե գերիշխող է դառնում, ապա պետությունը ունի համապատասխան լծակներ: Բենզինի հարցում, եթե միջազգային գները աճում են, ապա անհնարին է, որ մեզ մոտ դրանք չաճեն: Եթե միջազգային շուկայում այն 20 տոկոսով աճեց, ապա մեզ մոտ ներքին գինը աճեց 9 տոկոսով»: Լեւոն Զուրաբյանն ի պատասխան նկատեց, որ ժամանակին Ռոքֆելերը նավթային կայսրություն ուներ, սակայն դա չխանգարեց ԱՄՆ կառավարությանը, որ այն մասնատի, քանի որ հասկացել են՝ մենաշնորհը չարիք է. «Նույնն էլ վերաբերում է շաքարին՝ այն հիմա 410 դրամ է, մեկ շաբաթ առաջ 20 դրամով գինն ավելացել է, մինչդեռ ՌԴ գների համեմատ այն մոտ 80 դրամով թանկ է: Միգուցե դա նախընտրական ենթատեքստ ունի՝ ընտրակաշառք են սարքելու, որ բաժանեն, հետո՝ նորից հավաքեն»: «Եթե կասկածում եք, որ նախընտրական քայլեր են, եթե մենք ցանկանում ենք, որ սիրտ շահենք, ապա չենք ցանկանա, որ բենզինի գին թանկանա»,- վստահեցրեց վարչապետը: