Հաջողված պատմությունների շարքը համալրվեց
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը, որն ունի գրեթե 2 տարվա պատմություն, հաջողված պատմությունների շարքը համալրեց ևս մեկով։ Ակումբը իրականացրեց համայնքային ծառայության թվով 4-րդ ծրագիրը «Հոգատար ԻՄՓԱՔԹ» անվամբ։ Այն ընդգրկում էր կրթական, մարզական և ժամանցային բաղադրիչներ և ուղղված էր համայնքի 9-12 տարեկան երեխաներին։ Քանի որ ակումբն ավարտել է «Առաջնորդում» ուսումնական ձեռնարկի ուսումնասիրությունը, անդամները հանդես եկան որպես կրտսեր առաջնորդներ՝ խմբավարելով օրակարգով նախատեսված գործողությունները։ Կազմակերպվեց շախմատի և շաշկիի մրցաշար, անցկացվեց «Մաքուր ձեռքեր» խորագրով դասընթաց, որի ժամանակ երեխաներին ակումբականները բացատրեցին, թե ինչպես պետք է ճիշտ լվանալ ձեռքերը և հետևել հիգիենային, ինչպես նաև երեխաներն ստացան «Ինչպե՞ս լվանալ ձեռքերը» թռուցիկներ։ Ծրագրի երկրորդ օրը կազմակերպվեց սպորտլանդիա, որի արդյունքում հաղթող թիմի անդամները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։ Ապա ակումբականները և ծրագրի մասնակից երեխաները համատեղ ուժերով բարեկարգեցին համայնքի մանկական զբոսայգին՝ փոքրիկներին ուսուցանելով կամավորության կարևորությունը: Զբոսայգու բարեկարգմանը միացան նաև համայնքի տարբեր տարիքի երեխաներ: Վերջում ծրագրին մասնակից երեխաները, որպես նվերներ, ստացան դպրոցական և գրենական պարագաներ։ Ակումբի անդամ 16-ամյա Արսենը, ով վարում էր շախմատի մրցաշարը, նշում է. «Համայնքում չկա շախմատի խմբակ, և ծրագրով հնարավորություն ընձեռնվեց երեխաներին՝ շախմատ խաղալու և միմյանց մրցելու համար»։ Տավուշի մարզի մյուս համայնքներում գործող ԻՄՓԱՔԹ ակումբները ևս այս ընթացքում կիրականացնեն համայնքային ծրագրեր: ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2016թ. դրությամբ մոտ 33 ակտիվ ԻՄՓԱՔԹ ակումբներ էին գործում Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն ավելի քան 500 անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ: