Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հանձնարարեց տարանջատել աղտոտողներին

Քաղաքականություն
gov

Այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր ԴԱՀԿ-ի կողմից գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելուն.  «Մեր համաքաղաքացիները, հատկապես տնտեսվարողները հաճախ իրավացիորեն բարձրաձայնում են ԴԱՀԿ ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ արգելանք դնելու խնդիրը, այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք , որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը»,- նշեց վարչապետը եւ հավելեց, որ օրենսդրական մակարդակով առկա խոչընդոտներից բխող կալանքները հաճախ խոչընդոտ են դառնում բիզնեսի համար:  Նա արդարադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում այդ ոլորտում առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն կառավարության աշխատակազմին: Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր բնապահպանական վճարներին: Նրա դիտարկմամբ՝ բնապահպանական վճարների հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն հաշվետվությունը և թղթաբանությունը նույնն է բոլոր աղտոտողների համար. «Արդյունքում, չունենալով աղտոտման և վճարումների մեծ ծավալներ, փոքր ծավալի աղտոտողները զգալի ժամանակ եւ ռեսուրսներ են ծախսում նախագծերի ուսումնասիրությունների հաշվետվությունների համար, իսկ լիազոր մարմինները զգալի աշխատանքային եւ այլ միջոցներ են ծախսում տեղեկատվության հավաքագրման համար»: Վարչապետը  հանձնարեց բնապահպանության նախարարին երկամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ եւ նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների, նախագծերի եւ հաշվետվությունների համար, դիտարկել ըստ գործունեության տեսակի տիպային վճարների ներդրման հնարավորությունները։