Աղվան Հովսեփյանի առաջարկն անտեսվեց (տեսանյութ)
Կառավարության օրակարգային քննարկվող ու չքննարկվող հարցերը պարզելու ժամանակ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը առաջարկեց վարչապետին օրակարգից հանել օրակարգային առաջին հարցը: Նա պատճառաբանեց, որ նախագիծը ներկայացնող մարմինը իրենց տեղյակ չի պահել մշակվող օրենքի մասին. «Չորս քննական մարմիններից ոչ մեկին նախագիծը չի ուղարկվել»: Օրենքի նախագիծը ներկայացնում էր Արդարադատության նախարարությունը, ըստ որի գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը առարկեց՝ կոմիտեում ընդունված որոշումները ուղարկվել է բոլոր գերատեսչությունների էլեկտրոնային փոստին: Սակայն Աղվան Հովսեփյանը շարունակեց պնդել. «Կոմիտեի նիստի նյութերն էլ չենք ստացել: Այս նախագիծը բովանդակային առումով հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այն կարող է կարգավորվել ոչ թե օրենքով այլ կառավարության որոշմամբ, որն արդեն կա»: Լսելով կողմերին՝ վարչապետը օրակարգից չհանեց հարցը, երեք օր ժամանակ տվեց նախագիծը լրացուցիչ քննարկելու համար: Աղվան Հովսեփյանը, սակայն, չհանձնվեց. «Կառավարությունը հարցը վաղուց կարգավորել է, որից ելնելով էլ նախաքննական մարմինները ամենամսյա կտրվածքով տեղեկություն են տրամադրում դատախազությանը՝ գործերի քննության վերաբերյալ: Հարցը օրենքով կարգավորելու անհրաժեշտություն չկա: Նման իրավական ակտ գոյություն չունի: Դատախազությունը իրավունք չունի նորմական ակտ ընդունելու, որը պարտադիր լինի քննչական մարմինների համար: Հարցը կառավարության որոշմամբ արդեն կա ու կարգավորվում է հենց դրանով»,- հավելեց Աղվան Հովսեփյանը: Արփինե Հովհաննիսյանը համաձայնեց հարցը քննարկել եւս մի քանի օր, բայց հիշեցրեց, որ նոր սահմանադրության համաձայն այսպիսի հարցերը պետք է կարգավորվեն ոչ թե կառավարության որոշմամբ, այլ օրենքով: