Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապը չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov-2

Սայաթ-Նովա գյուղում «Ծառուկյան դաշինք»-ի տարածքային ցուցակով առաջադրված 24-ամյա Աբրահամ Ադամյանի դանակահարությունը քաղաքական ենթատեքստ ունի: «Մենք քանիցս զգուշացրել ենք, որ ռեյտինգային այս ընտրակարգը իր մեջ լրջագույն ռիսկեր է  պարունակում՝ քաղաքական պայքարը գլադիատորների ցլամարտի դաշտ տեղափոխելու: Ուստի, հորդորս ու կոչս բոլոր քաղաքական ուժերին, հատկապես տեղերում իրենց ամենակարող ու բեսպրեդել համարող որոշ թեկնածուներին՝ դուք լավություն չեք անում անգամ ձեր կուսակցությանը»,-ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Դանակահարողը՝ Արարատի մարզի 26-ամյա բնակիչ է, որը ձերբակալված է։ Ըստ ՀՔ ծառայության՝  դանակահարությամբ ավարտված վիճաբանությունն ունեցել է կենցաղային շարժառիթ։  Նաիրա Զոհրաբյանի տեղեկություններով՝ դանակահարողը ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Մուրադ Մուրադյանի շտաբից է եղել. «Տվյալ թեկնածուն ամեն օր Մասիսում հայտարարում է, որ ամեն ինչ իրեն թույլատրված է, եւ ինքը ցանկացած գնով ապահովելու իր խոստացած քվեն: Ցանկացած գին ասելու տակ ես իրավունք ունեմ հասկանալու՝ մարդ սպանել, մարդ մորթել, ահաբեկել, շտապ վառելու կոչեր անել»:  «Մուրադ Մուրադյանը հերքել է, որ դա իր հետ կապ ունի, դրա համար քննությունը կվարվի, եւ կա անմեղության կանխավարկած»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Աբրահամ Ադամյանը որովայնի հատվածում 4 տեղից դանակի հարված է ստացել, վիրահատվել Էրեբունի ԲԿ-ում են, եւ հիմա արդեն նրա վիճակը կայունացել է:  «Ապրիլի երկուսով կյանքը չի ավարտվում, սա ասում են նրանց համար, ում համար մեկ քվեն ավելին արժե, քան մարդու կյանքը: Ամենահեշտ տարբերակը դանակին դանակով պատասխանելն է. բումերանգի էֆեկտը դեռեւս, ցավոք, ոչ ոք չեղյալ չի հայտարարել, սակայն այն քաղաքական ուժերը, որոնք մտածում են երկրի վարկանիշի ու հեղինակության մասին, հույս ունեմ, որ պիտի սթափվեն»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը: «Բոլոր նրանք, որոնք նախընտրական պայքարի ընթացքում եւ ոչ միայն, քաղաքական պայքարը վերածել են բռունցքների պայքարի, խստագույնս պատժվելու են»,- վստահեցրեց Էդուարդ Շարմազանովը:  Ի դեպ, Էդուարդ Շարմազանովին բարկացրեց այն, որ լրագրողները ճեպազրույցի ընթացքում պարբերաբար մեջբերում են Նաիրա Զոհրաբյանին. «Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապը չի, որ ամեն անգամ ինչ ասի, մենք՝ ընդունենք: Նա հարգարժան գործընկեր է, նա իր կարծիքը հայտնել է, իրավապահներն էլ իրենց խոսքը կասեն: Նաիրա Զոհրաբյանի, Էդուարդ Շարմազանովի ասածները հիմք չեն»: «Անկեղծ ասած՝ երբեք չեմ հավակնել ոչ Հռոմի պապի, ոչ, ասենք, Անգլիայի թագուհու, ոչ այլ բարձրաստիճան վեհափառ այրիի կարգավիճակին»,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը:  Այս միջադեպի մասին պետք է բարձրաձայնվեր ԱԺ նիստի ժամանակ, որը քվորումի բացակայության պատճառով, տեղի չունեցավ:«ՀՀԿ-ն շատ հրատապ նախագծեր չուներ անցկացնելու, եւ կարծում եմ՝ իրենք լավ հասկանում էին, որ սա վերջին քառօրյան է եւ ընդդիմադիրները պատրաստ էին անգամ վարման կարգով, տարբեր նախագծերի կոնտեքստում բարձրաձայնել տարբեր խնդիրներ, այդ թվում՝ Մասիսում տեղի ուենցածի մասին: Իրենք ցանկացան անաղմուկ շրջանցել այս օրը»,- կարծում է Նաիրա Զոհրաբյանը: «Միամիտ լոռեցիների վանաձորյան բոյկոտը հասավ նաեւ երեւանյան պառլամենտ: Սա հումոր, իսկ ավելի լուրջ՝ ոչ միայն մեր կուսկացությունից չկային, մյուս կուսակցություններից եւս չկային պատգամավորներ: Մենք երբեք մեր պատգամավորներին բերման չենք ենթարկում. մեր պատգամավորներն ազատ են իրենց կամարտահայտության մեջ»,- պարզաբանեց Էդուարդ Շարմազանովը: