A
A
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական ծրագիր
ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ Դաշինք Նախընտրական Ծրագիր Ծրագիրը ներկայացնում է ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ Դաշինքի մոտեցումներն առ այն, թե Հայաստանում իրատեսական ինչ քայլերով կարելի է ստեղծել պետության օրինակելի մի մոդել, որ ծառայում է իր քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության եւ երջանկության ձգտումներին: Այդ մոդելի հիմքում պետք է ընկած լինեն հետեւյալ սկզբունքները.
- ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔ
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ
- ՇՆՈՐՀԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
- Հետեւողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։
- Կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը։
- Այս երկու խնդիրների կարգավորումը հնարավորություն կտա ապաշրջափակել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական երկաթուղային, ավտոմոբիլային եւ ավիացիոն բոլոր երթուղիները, մասնակցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին եւ նախագծերին։
- Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները:
- Ազատ եւ հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով՝ ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33 տոկոսի շեմ։ Սահամանափակումը պարտադիր կգործի լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա կտարածվի օրենքով:
- Հարկային եւ մաքսային քաղաքականության հիմքում դնել ներդրումների գրավչության բարձրացման, գործարարության խրախուսման եւ հարկային բազայի ընդլայնման գաղափարախոսությունը: Լիովին պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6 (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաեւ մաքսատուրք): Շրջանառության հարկը կարող է կիրառվել միայն որպես փոխարինող հարկ: Շահութահարկի, եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկերի դրույքաչափերը սահմանել 15 տոկոս: Վերացնել ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանում:
- Ներմուծվող ապրանքների մաքսատուրքը հաշվարկել բացառապես հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում) նշված գնի հիման վրա։ Ինվոյսի կեղծ լինելու ապացույցը բացառապես պետության բեռն է:
- Ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։
- Գազի ու էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 25 տոկոսով՝ սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության եւ կորուստների ու անարդյունավետ ծախսերի կրճատման միջոցով:
- Վարել դրամավարկային այնպիսի քաղաքականություն, որը բացառում է դրամի արհեստական արժեւորումը եւ ուղղված է արտահանման խրախուսմանը:
- Առնվազն երկու անգամ նվազեցնել երթեւեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքները։
- Ծանր վիճակում հայտնված գյուղացիական տնտեսությունների համար կիրառել վարկային համաներում, զրոյացնել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքները, գյուղացիական տնտեսությունների վարկային պարտքերի դուրս գրում կամ մասնակի մարում:
- Ուսումնասիրել 2006-2012 թվականներին Նաիրիտ գործարանի բաժնեմասերի վաճառքի գործարքների օրինականությունը, վերականգնել դրանց արդյունքում գործարանին և պետությանը հասցված վնասը, պատասխանատվության ենթարկել յուրացումների և չարաշահումների համար պատասխանատուներին: Մշակել Նաիրիտի վերագործարկման նոր ծրագիր:
- Մեկ տարվա մեջ միջին կենսաթոշակը բարձրացնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակի (55000 դրամ): 3 տարվա մեջ նվազագույն թոշակը բարձրացնել սպառողական զամբյուղի մակարդակի: 5 տարվա մեջ կենսաթոշակների միջին չափը հասցնել միջին աշխատավարձի 40 տոկոսին:
- Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ առնվազն 3 տոկոսի։ Ներդնել պարտադիր համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգ:
- Պետական աջակցությամբ ստեղծել ապահովագրական համակարգ, որը գյուղատնտեսությունը կպաշտպանի ցրտահարությունից, կարկտահարությունից եւ այլ բնական աղետներից։
- Զգալիորեն բարձրացնել պայմանագրային զինծառայողների, սպաների եւ ենթասպաների աշխատավարձը։ «15 օր ծառայություն, 15 օր հանգիստ» գործող կարգի փոխարեն կիրառել «7 օր ծառայություն, 7 օր հանգիստ» կարգը:
- ԽՍՀՄ խնայբանկի ավանդները ձևակերպել որպես պետական պարտատոմս և դրանք մարել 2 անգամ ավելի մեծ չափով և 2 անգամ ավելի արագ, քան նախատեսված է գործող օրենսդրությամբ։
- Վերացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:
- Անցնել կրթության հավաստագրային ֆինանսավորման։ Պետք է ֆինանսավորվեն ոչ թե դպրոցները, այլ քաղաքացիները, որոնք էլ կընտրեն համապատասխան կրթօջախը։ Սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ առնվազն 1 տոկոսի չափով, իսկ հանրակրթության, միջին և նախնական մասնագիտական կրթության ծախսերը` ՀՆԱ 3 տոկոսի չափով:
- ԲՈւՀը և մասնագիտությունն ընտրելու ազատ իրավունքը վերապահել դիմորդին: Կրթական նախորդ աստիճանում արձանագրած ցուցանիշների հիման վրա դիմորդը կստանա համապատասխան կրթական դրամաշնորհ և կընտրի իր մասնագիտությունը։ Պետպատվերն այսպիսով կարգավորվելու է ոչ թե մասնագիտություններին հատկացվող տեղերի քանակով և ըստ ԲՈւՀ-երի տեղաբաշխմամբ, այլ դիմորդներին և ուսանողներին կրթական դրամաշնորհների տրամադրմամբ:
- Գիտության բնագավառում կիրառել աշխարհում իր արդյունավետությունն ապացուցած` ԲՈւՀ-երը եւ գիտահետազոտական ինստիտուտները մեկ միասնական հաստատության մեջ միավորելու քաղաքականություն: Գիտությունների Ազգային Ակադմեիայի համակարգի գիտական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել միավորվելու համալսարանների և այլ հետազոտական կենտրոնների հետ, ելնելով գիտության տվյալ ոլորտի զարգացման շահերից։
- Գիտական հետազոտությունների համար նախատեսված միջոցները պետական բյուջեից հատկացնել թեմատիկ ֆինանսավորման սկզբունքով, բազային ֆինանսավորման սխեման բացառության կարգով կիրառելով միայն ռազմավարական նշանակության գիտահետազոտական ծրագրերի դեպքում: Գիտության զարգացմանը հատկացնել ՀՆԱ առնվազն 1 տոկոսը:
- Վերացնել իշխանությունների կողմից կիրառվող՝ համալսարանների եւ դպրոցների կուսակցականացման ապօրինի գործընթացը եւ օրենսդրորեն ամրապնդել համալսարանների իրական ինքնավարության ու ազատության երաշխիքները, մասնավորապես՝ արգելել պետական պաշտոնյաների ներգրավումը համալսարանների ղեկավար մարմիններում:
- Պետականորեն աջակցել ժամանակակից համակարգչային, ծրագրային եւ ինտերնետային տեխնոլոգիաներում հայերենի կիրառման համար անհրաժեշտ սարքային եւ ծրագրային արտադրանքի ստեղծմանը։
- Պետականորեն աջակցել տեղեկատվական եւ այլ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, հատկացնելով տարեկան ՀՆԱ առնվազն 1 տոկոսը համապատասխան բիզնես-ինկուբատորների եւ վենչուրային կապիտալի զարգացման գործին:
- Էականորեն կրճատել Հայաստանի էներգետիկայի կախվածությունը գազի եւ այլ ածխաջրածնային վառելիքից, խրախուսելով այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, մասնավորապես երաշխավորելով արեւային էներգիան էլեկտրականի փոխակերպող պանելների արտադրության եւ սպառողների կողմից դրանց ձեռքբերման վարկավորումը:
- Կապիտալ ներդրումներ կատարել տարեկան ՀՆԱ առնվազն 2 տոկոսի չափով զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման եւ զբոսաշրջիկների համար գրավիչ մշակութային օջախների եւ օբյեկտների պահպանման եւ ստեղծման համար:
- Պետական աջակցությունը մշակութային նախաձեռնություններին իրականացնել միայն ծրագրային նախագծերի միջոցով՝ բաց մրցույթներով։ Բացառել վարչական միջամտությունը ստեղծագործական գործընթացներին։ Մշակութային քաղաքականության մեջ ապահովել բազմաձև մասնակցության հնարավորություններ, ինչպես անհատական, այնպես էլ հասարակական, համայնքային և այլ բնույթի նախաձեռնությունների տեսքով:
- Օրենսդրորեն պետական հատուկ կարգավիճակ տալ բացառիկ մշակութային ժառանգություն հանդիսացող հաստատություններին և պատմաճարտարապետական հուշարձաններին, ապահովելով հասարակական մասնակցությունը դրանց կառավարմանը։
- Պետական հոգածության ներքո պահել ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական բազմազանությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի մշակութային միջավայրի բաղկացուցիչ:
- Վերացնել պետական արտոնյալ հովանավորչությամբ մշակույթի գործիչների «արժևորումը»։ Հրաժարվել պետության կողմից զանազան տիտղոսներ և կոչումներ շնորհելու պրակտիկայից:
- Բացահայտել Մարտի 1-ի գործը եւ պատժել բոլոր մեղավորներին, պետական հատուցում տալ Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, պետության կողմից ապօրինի բռնությունների ենթարկված բոլոր քաղաքացիներին։ Մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների զոհերի հիշատակի օր։
- Անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, հաստատել զուտ համամասնական (առանց վարկանիշային քվեարկության) ընտրակարգ, բավարարել ընտրությունների դիտորդական վերահսկողության եւ լրագրողական լուսաբանման համար անհրաժեշտ քաղաքացիական հասարակության բոլոր պահանջները, վերացնել ընտրակաշառքի բաժանման հանցավոր պրակտիկան։
- Վերականգնել կառավարման նախագահական-խորհրդարանական սահմանդրական մոդելը եւ 2018 թվականին անցկացնել ուղիղ նախագահական ընտրություններ։
- Ազատել բոլոր այն ազատազրկվածներին, ովքեր համապատասխանում են ԵԽԽՎ-ի 1900 բանաձեւով սահմանված քաղբանտարկյալի չափանիշներին։
- Գործարկել հանրային հեռարձակման համար 18 նոր թվային հաճախականությունները, եւ դրանք տրամադրել բոլոր հիմնական քաղաքական եւ հասարակական ուղղությունների դիմողներին։
- Իրականացնել կուսակցությունների պետական ֆինանսավորում խորհրդարանական ընտրություններում հավաքած ամեն ձայնի համար տարեկան հազար դրամի չափով, ինչը կապահովի իշխանություններից եւ օլիգարխիայից անկախ գաղափարական կուսակցությունների համակարգի ձեւավորումը։
- Դադարեցնել տեղական ինքակառավարումը խաթարող` համայնքների խոշորացման գործընթացը, սահմանափակել համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը: