Ա. Ադիբեկյան. «Կար մեկը, որ 500 հազարով էր ուզում ձայնը վաճառել» (տեսանյութ)
Բնակչության 57 տոկոսը կողմնորոշված չէ, թե որ ուժին պետք է ձայն տա առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Հարցվողների 43 տոկոսն է, որ այս առումով կարծիք ունի եւ մասնակցելու է ընտրություններին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ սրանք դեռեւս հետախուզական հարցման արդյունքներ են, որոնք չեն պահանջում 100 տոկոսանոց ճշգրտում եւ ցույց են տալիս նախնական իրավիճակը։ Առաջիկայում եւս 2 հարցում պետք է իրականացվի, որոնց վերլուծության արդյունքում հնարավոր կլինի ասել, թե հատկապես որ ուժերը կանցնեն խորհրդարան։ Նախնական հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն հավակնում են 51+1 ձայն հավաքել, մյուս ուժերը պայքարում են 3-6 –րդ տեղերի համար։ «Հարցումները ցույց են տվել, որ ընտրողները կարեւորում են, որ թեկնածուն լինի կրթված, հեղինակություն վայերի, լինի հասուն տարիքի, լինի ընդդիմադիր, տեղացի եւ արական սեռի ներկայացուցիչ»։ Անդրադառնալով «Գելլափի» տվյալների արժանահավատությանը, Ա. Ադիբեկյանը խորհուրդ տվեց հիշել նախորդ ՝ 2012 թ-ի ընտրությունների արդյունքները, որոնց հիման վրա խորհրդարան էր անցնելու միայն 3 կուսակցություն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, նրանց տվյալներով ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ Ժառանգությունը չէին անցնելու։ Մինչդեռ, իրականությունը այլ էր։ Սոցիոլոգի խոսքերով, ընտրողների միայն 1.5 տոկոսն է, որ պատրաստ է վաճառել իր ձայնը։ Իրենք հաշվարկել են նաեւ, թե ինչ գումարով են պատրաստ ձայնը վաճառել։ «Կար մեկը, որ 500 հազարով էր ուզում ձայնը վաճառել, ասում էր իր ձայնը շատ թանկ է։ Գումարը սկսվում է 2000-ից եւ վերջանում է 500 հազարով։ Միջինը, որ հաշվեցինք, եկավ 20 հազար դրամ։ Ընդ որում՝ 11 տոկոսը խնդիր ունի լուծման, որի դիմաց եւս պատրաստ է ձայնը տալ։ Արդյունքում՝ 12.5 տոկոսը ոչ ընտրական գործոնների հիման վրա պատրաստ է ընտրություն կատարել»։ Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքերով, նախընտրական տեսահոլովակներում եւ կարգախոսներում շեշտը դրվում է ոչ թե հոգեբանական տեխնոլոգիաների վրա, այլ ընտրակաշառքների եւ պատիժների վրա։ «Հաճախ դրանք ուղղակի իրենց ցանկությունն է, ոչ թե արտացոլում են ժողովրդի ձգտումներն ու ցանկությունները»։ Նա նշեց, որ կան կուսակցություններ, որոնց հոլովակներում բացասական հուզական տպավորություն են ստեղծում՝ փորձելով դա կապել ՀՀԿ-ի եւ իշխանության հետ, մինչդեռ, ենթագիտակցորեն այդ բացասական հուզական երանգը կապվում է հենց տվյալ ուժի ու թեկնածուի հետ։ «Միաժամանակ, եթե մի խմբի մարդու նկատմամբ կա դրական իմիջ, օրինակ, եթե Արոնյանի, Աբրահամի նկատմամբ կա դրական վերաբերմունք, դա մենախիկորեն տեղափոխվում է այն ուժի վրա, ում կողքին կանգնում են այդ անձինք։ Սակայն միաժամանակ, այդ ուժի նկատմամբ բացասական վերաբերմունքը մեխանիկորեն տեղափոխվում է նաեւ տվյալ անձանց վրա։ Այս մարդիկ վարկաբեկվում են։ Հենց սա է պատճառը, որ արեւմուտքում շատ աստղեր խուսափում են քաղաքական ուժերի կողքին կանգնել»։