ԼԱՏԻՆԱԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՐՀ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին3.5-ամյա Լիլիթիկը թեեւ նոր է սովորել հաստատուն քայլեր անել, սակայն, կարելի է ասել, պարում է ավելի լավ, քան քայլում: Սա այն պարզ պատճառով է, որովհետեւ Լիլիթիկը «Մատադոր» լատինաամերիկյան պարերի ակումբի ամենափոքրիկ մասնակիցն է: Ի դեպ, պարային ոճն ընտրել է հենց ինքը:
Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ նա ջանասիրաբար փորձում է կրկնել ղեկավարի ցուցադրած պարային շարժումները եւ չնայած այդ ամենից հազիվ ինչոր շարժումներ է կատարում կոնքերով, բայց, ինչպես ասում է Լիլիթիկի մայրը` տիկին Աստղիկը, երբեմն հպարտանում է ընկերների մոտ, որ կարողանում է պարել լատինաամերիկյան պարեր: «Մատադոր»-ի փոքրիկների խմբի մյուս անդամը` 4.5 ամյա Նարեն, նույնպես տարված է պարային այս աշխարհով եւ արդեն գիտի, թե ինչ է դառնալու: Նմանատիպ բոլոր հարցերին նա միշտ, առանց մտածելու պատասխանում է. «ընկեր Գեւորգ»:
Այդ պատասխանը կտան «Մատադոր»-ի փոքրիկների խմբի գրեթե բոլոր անդամները, քանի որ բոլոր են շատ սիրում պարային ակումբի ղեկավար եւ պարուսույց Գեւորգ Մարկոսյանին: Փոքրիկները ջանում են կատարել «ընկեր Գեւորգի» բոլոր առաջադրանքները ոչ միայն լավ պարելու ակնկալիքով, այլ հատկապես նրա համար, որպեսզի սիրելի ուսուցչի կողմից արժանանան «ընկեր Գեւորգի» գնահատականին. ամեն պարապմունքից հետո նա հինգեր է նշանակում լավ պարող երեխաների ձեռքերի վրա:
«Նարեն ընդհանրապես տարված է ընկեր Գեւորգով,- պատմում է աղջնակի մայրը: - Երբ փորձից վերադառնում է տուն անընդհատ խոսում է նրա մասին եւ, եթե մեկ օր բացակայում է փորձից, շատ կարոտում է ընկեր Գեւորգին»: Նարեի մայրը նաեւ խոստովանում է. երբ Նարեն երբեմն չարություն է անում եւ ծնողները ստիպված ենք լինում պատժել նրան, ապա սպառնում են, որ Նարեն այլեւս չի գնա պարի: Այդ ամենը բավարար է, որպեսզի Նարեն դադարեցնի իր չարությունը:
«Մատադոր»-ը իր առաջին քայլերն արել է 1995 թվականից, ցուրտ ու մութ տարիներին, երբ ամեն ինչ մռայլ էր եւ մարդկանց դեմքերից վերացել էր ժպիտը: Ակումբի ղեկավար եւ պարուսույց Գեւորգ Մարկոսյանը, սակայն մեծ ջանքերով պահեց խումբը: Այն ժամանակ այս պարաոճն նոր էր Հայաստանում եւ դեռ ընդունված չէր հասարակության կողմից, շատ ծնողներ էլ չէին թույլատրում որպեսզի իրենց երեխաները զբաղվեին այս պարաոճով, իսկ ոմանք էլ իրենց երեխաների հետ, իրենց իսկ բնորոշմամբ, «ապրում էին» այդ պարերով եւ մեծ ցանկություն ունեին որպեսզի իրենց երեխաները շարունակեն իրենց ապագան այս բնագավառում:
Խումբն այսօր արդեն ունի 200-ից ավելի սան: Խմբի երեխաներն, ըստ տարիքային խմբերի, մասնակցում են տարբեր հանրապետական եւ միջազգային մրցույթների եւ վերադառնում են մեդալներով ու պատվոգրերով: Իսկ պարային վարպետությունն էլ բարձրացնելու համար ժամանակ առ ժամանակ սեմինարներ են կազմակերպվում, որոնք անցկացնում են Ռուսաստանի լավագույն մասնագետները:
Հետաքրքրական է, որ ակումբում գործում է նաեւ սիրողականների խումբ, որտեղ հաճախում են տարբեր տարիքի մարդիկ, լիցքաթափվելու առօրյա հոգսերից: Այս խմբում են ընդգրկված նաեւ այն մայրիկները, որոնք իրենց զավակներին մյուս օրերին բերում են «Մատադոր»-ի փոքրիկների խումբ:
Նշենք, որ դեկտեմբերի 3ին «Դինամո» մարզադաշտում տեղի է ունենալու լատինաամերիկյան պարերի մրցույթ, որին «Մատադոր»-ցիները պատրաստվում են լրջորեն եւ ինչպես իրենց ու ժյուրիի, այնպես էլ հանդիսատեսի համար պատրաստել են անակնկալ. պարեր` գեղեցիկ զգեստներով եւ վառ կերպարներով: