ԿԸՀ-ն թող գնա այլ խնդիրներով զբաղվի. Վարդան Բոստանջյան (տեսանյութ)
«Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը «Ծառուկյան» դաշինքի ծրագրի հիմնական մեխն է»,- ասում է «Ծառուկյան» դաշինքի կազմում որպես պատգամավորության թեկնածու առաջադրված Վարդան Բոստանջյանը: Նրա պնդմամբ՝ իրենք ունեն լուծումներ ծառացած խնդիրները լուծելու համար: Վարդան Բոստանջյանը ընդգրկված է դաշինքի քարոզչական թիմում, բայց նաև ժամանակ է գտնում հետևել այլ ուժերի հանդիպումներին ու ծրագրերին: Նա հատկապես տպավորված է իրենց աշխատանքով. «Ժողովուրդը գալիս է, հավատում է: Ծառուկյանն անձամբ է շեշտադրում, որ բարեգործությամբ երկիր չես կառուցի: Դրա համար անհրաժեշտ են համակարգային մոտեցումներ ու լուծումներ»: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումներում քաղաքացիները բարձրացնում են առօրեական խնդիրներ: Արդյո՞ք դա նշանակում է, որ նրանց չեն հետաքրքրում դաշինքի հեռահար ծրագրերը: «Զարմանալի չէ, որ քաղաքացիները բարձրացնում են այն հարցերը, որոնք հիմա է նրանց հետաքրքրում: Նրանց համար առաջնային է հենց հիմա խնդիրներին լուծում տալ»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը խախտում է օրենքը, մասնավորապես՝ նա քարոզարշավն սկսել է մարդկանց դրամական ու նյութական խոստումներ տալով: Արդյո՞ք այս հարցը քննարկվել է դաշինքում և հետագայում փոփոխություն լինելու է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թող գնա այլ խնդիրներով զբաղվի: Այդ խոստումները միայն հիմա չեն հնչել, միշտ են հնչել: Գագիկ Ծառուկյանը պարզապես իր հզորությամբ իր անելիքների մասին է խոսում»,- պատասխանում է Վարդան Բոստանջյանը: Վարդան Բոստանջյանը չի մասնավորեցնում, թե ում է իրենց հիմնական մրցակից համարում. «Չի կարելի կանխավ ասել, թե սա մրցակից է, կանդրադառնանք ապրիլի 3-ից հետո»,- եզրափակում է նա: