Գ. Սարուխանյանը եւ Զ. Փոստանջյանը կալանավայրում տեսակցել են Վոլոդյա Ավետիսյանին (տեսանյութ)
Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը ընտրողներին կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններին չընտրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Նրա մարտական ընկերը՝ Գագիկ Սարուխանյանը, այսօր ներկայացրել է նրա պարզաբանումը. «Այսօրվա իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քայքայել են մեր պետությունը: Հայաստանի քաղաքացին չի կարողանում ապրել: Աշխատանքով, թոշակով չես կարող ապրել, օրենքը չի գործում, անվտանգությունը ապահովված չէ: Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն սեփական ժողովրդի հանդեպ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գագիկ Սարուխանյանը: Վոլոդյա Ավետիսյանի հետ կալանավայրում հանդիպել են Գագիկ Սարուխանյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում պարբերաբար բողոքի ակցիաներ էր կազմակերպում՝ բարձրացնելով ազատամարտիկների սոցիալական խնդիրները: 2014 թվականից նա գտնվում է անազատության մեջ: