Կոմկուսն ամեն գործարանի վերաբերյալ ունի իր մոտեցումները (տեսանյութ)
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը իշխանության գալու դեպքում նախատեսում է վերագործարկել «Նաիրիտ» գործարանը։ Կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համարի ներքո հանդես եկող Վազգեն Սաֆարյանի խոսքերով, վերագործարկման համար անհրաժեշտ միջոցները կարելի է ներգրավել առեւտրային բանկերից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօր բանկերում շուրջ 1.7 տրիլիոն դրամի ավանդ կա ներգրավված։ Ավանդատուները ցանկության դեպքում կարող են դառնալ ձեռնարկության բաժնետեր։ Իսկ իրանական գազը կօգնի նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը։ «Նաիրիտ գործարանը համակարգաստեղծ ձեռնարկություն է, որի բազայի վրա կարող են աշխատել քիմիական գործարանները: Սա առաջին խնդիրն է, երկրորդը կլինի «Վանաձորի քիմպրոմը»։ Մենք ամեն գործարանի վերաբերյալ ունենք մեր մոտեցումները։ Պետք է սկսել առաջին քայլից, ամենաերկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից»։ Նրա դիտարկմամբ՝ արդյունաբերության զարգացման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել ՀՆԱ- ի 7-8 տոկոս աճ։ Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ քարոզարշավը նորմալ է ընթանում: Սակայն, ըստ նրա, վարկանիշային ընտրությունները ավելորդ էին: «Պետք է լիներ համամասնական ընտրություն, ժողովուրդը պետք է ընտրեր հենց կուսակցություններին՝ իրենց անցած ճանապարհը եւ գաղափարախոսությունը, ոչ թե վարկանիշային թեկնածուների միջոցով կուսակցությանը ձայն տային: Արդյունքում, այսօր անառողջ մրցակցությունն է ստեղծվել բոլոր 13 ընտրատարածքներում»: