«Սոխի անվան տակ լոլիկ են բերում ու թույլ չեն տալիս ջերմոցային տնտեսությանը զարգանալ» (տեսանյութ)
Օհանյան – Րաֆֆի – Օսկանյան դաշինքը խոստանում է 365 օրում փոխել երկրի տնտեսական վիճակը: Մեղադրանքները, թե այս խոստումը պոպուլիզմ է, չի ընդունում դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանը: «Պարզապես շուկայում առարկայական փոփոխություններ է պետք անել: Սոխի անվան տակ լոլիկ են բերում ու թույլ չեն տալիս զարգանալ ջերմոցային տնտեսությանը: Տնտեսվարող սուբյեկտներին չեն թողնում մաքսակետն անցնի, մինչեւ փչանումա ապրանքը, կամ երկիր է մտնում, այդ ապրանքը չեն թողնում սպառել: Խնդիրը այն է, որ տնտեսությունն առանձին ճյուղ չէ Հայաստանում, այլ քաղաքական որոշումների արդյունք է: Այն ժամանակ, երբ որոշում կայացվեց երկիրը դարձնել մոնոպոլիստական, ամեն ինչ պարզ դարձավ»: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը վստահեցնում է, գալով իշխանության իրենք կապահովեն 6 տոկոս տնտեսական աճ. «Դա չի կարելի համարել առավելագույնը: Հնարավոր է ավելի շատ, դա դեռ միայն սկիզբն է լինելու»: Նման հաշվարկներ կարող է անել նաեւ ՀՀԿ-ն, բայց պետք է ավելի իրատես լինել. «Ես էլ հիմա շատ հաշվարկներ կարող եմ անել, բայց պետք է իրատես լինել, որովհետեւ Հայաստանը մեծ օվկիանոսի մի մաս է, աշխարհում տեղի ունեցող բոլոր վայրիվերումները ազդում են տնտեսության վրա»,- ասում է ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը: Տնտեսությունը երկրում չի զարգանա մինչեւ չվերականգնվի արդարադատությունը ու չվերանան կոռուպցիան. «Տնտնեսական զարգացման մասին խոսել, այս ամենը չանելով՝ կլինի անշնորհակալ գործ: Մեզ մոտ միջին խավ չկա կամ շատ քիչ է։ Բեևեռացում է այսօր, ծայրահեղ աղքատներ են եւ տարօրինակ կերպով հարստացածներ: Իսկ տնտեսության զարգացման գրավականը միջին խավն է: Մենք առաջարկում ենք պարզեցված համակարգ՝ փոքր ու միջին բիզնեսի համար»,- ասում է ԵԼՔ դաշինքից պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը: Ելք-ը տնտեսական ճգնաժամից ելք է համարում նաեւ ԵԱՏՄ—ից դուրս գալը։ Այս կարծիքին են նաեւ «Ազատ դեմոկրատները»: «Եթե չլինեինք ԵԱՏՄ անդամ, ավելի լավ վիճակում կլինեինք: Էդ երկրների հետ ազատ առեւտրի գոտում էինք առաջ էլ ու առեւտրում բան չի փոխվել: Իսկ Մաքսային օրենսգիրքը, որ ստորագրեցին, ահավոր է: Հիմա ինչի՞ մենք Իրանից պետք ա վառելիք բերենք ու էդքան մաքսատուրք մուծենք, մեր հարեւան երկիրն ա, ինչի՞: 2 տարի եղել ենք միության մեջ առեւտուրը կրճատվել է 800 միլիոնով, մենք պետք է ասենք, մենք էլ շահ ունենք, մեզ բանի տեղ դրեք: Գնացել ենք մենակ կորցնելո՞ւ: Եթե մեզ էնտեղ բանի տեղ չեն դնում, ի՞նչ գործ ունենք այնտեղ»,- ասում է Հրանտ Բագրատյանը: Հանրապետականի ներկայացուցիչը համամիտ չէ: Տնտեսական խնդիրները ամենեւին ԵԱՏՄ-ին միանալու արդյունք չեն: Ըստ Դավիթ Սարգսյանի դրանք տարիների պատմություն ունեն: