Սեյրան Օհանյան. «Ընտրություն կեղծողներին պետք է պատժենք» (տեսանյութ)
ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանն այսօր այցելեց ազատամարտիկ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբ: Սասունը տեղում չէր. «Շնորհակալություն, գնանք, կբարեւեք Սասունին»: Օհանյանը չի մեկնաբանել իր այցելությունը մրցակից «ԵԼՔ» դաշինքի անդամի շտաբ: Սակայն դրանից հետո նա լրագրողներին ասել է՝ գնալու ենք մինչեւ վերջ. «Մենք ընտրել ենք հարաճուն ուժի ցուցադրման քաղաքականությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը: ՕՐՕ-ի առաջնորդը չի մեկնաբանել նաեւ այս արտահայտությունը: Բայց ակնարկել է, որ քարոզարշավի պահեստազորում ունեն հավելյալ ուժեր: Մինչդեռ դա հանրապետականներին չի վախեցնում, իրենք իրենց մրցակցությունից դուրս են համարում. «Նու, ես էսպես ծիծաղով եմ մոտենում դրան»: Պարոն Օհանյանը սակայն չի ծիծաղում: Նա տրամադրված է հարգել բոլորին, ովքեր մրցակիցներ են: Պաշտպանության նախկին նախարարը համաձայն է սակայն, որ Հանրապետականն իր հնարավորություններն օգտագործում է հրապարակներ լցնելու եւ բազմամարդ հանրահավաքներ ցույց տալու համար: Ընդդիմադիր գործիչը այդ դեպքում էլ է հարգում Հանրապետականին «Հնարավորությունները, ռեսուրսները նաեւ վարչական, պետական օգտագործելը եւ հրահանգի ներքո իրականացնելը չափազանց հեշտ է: -Այսինքն, դրանք ՀՀԿ-ի իրական ընտրողները չեն: -Դե ես չգիտեմ, ես բոլորին էլ հարգում եմ»: Ընդամենը 6 ամիս առաջ բանակ ղեկավարած այս մարդը հավատում է, որ ընտրություններով կարելի է իրավիճակ փոխել: Նա բոլորին կոչ է անում պայքարել եւ մինչեւ վերջ գնալ. «Ես չէի ուզի, որ հետընտրական զարգացումներ լիներ եւ կհորդորեի, որպեսզի բոլորս այնպես անենք, որ քաղաքակիրթ ձեւով բոլորս ընտրություններ կատարենք եւ հետընտրական զարգացումներ չլինեն: -Եթե՝ ոչ: Եթե կեղծեն: -Եթե կեղծեն, կեղծողներին պետք է պատժենք»: Իշխանության հասցեին քննադատական խոսքեր չասող Սեյրան Օհանյանը պայքարից նահանջել չի պատրաստվում: Նրա պայքարը արդար է: Ի դեպ, նախարարը մեկնաբանեց նաեւ իրեն վերաբերող Աշոտյանի այն միտքը, թե՝ ափսոս էր գեներալը: Գեներալը կասի, թե ովքեր են ափսոս. «Ափսոս են նրանք, որոնք որ տարբեր մարդկանց կողմից օգտագործվում են եւ հետո շպրտվում»,- հավելեց Օհանյանը: