Հայաստանում ընտրողը մոռացված է. հոգեբան
Երբ ակտիվանում են ընտրական քարոզարշավները, լսում ես միայն տարբեր կուսակցությունների, դեմքերի մասին, բայց ընտրողը ընդհանրապես մոռացության է մատնվում: Հայաստանի կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը մարտի 11-ին կայացած ասուլիսին նշեց, որ ոչ ոք լուրջ չի մտածում ընտրողի մասին, թե ինչպիսի հոգեբանական և կենցաղային վիճակում է նա, ինչ մտքեր, ապրումներ և փոխհարաբերություններ ունի, քանի որ այդ ամենն են ձևավորում քաղաքացու քաղաքական կուլտուրան, իսկ քաղաքական կուլտուրայի բացակայության դեպքում հնարավոր չէ կատարել օբյեկտիվ, գիտակցված, բանականությանը մոտ որոշում: «Մեր բնակչության կուլտուրան բարձր չէ, ինչը նպաստում է բազմաթիվ սխալ պատկերացումներին, որոշումներին, տարբեր մարդկանց կողմից սխալ ներկայացումներին։ Իհարկե կուլտուրան չի բարձրանում մեկ ամսվա ընթացքում, բայց կարելի է ինչ-որ խորհրդատվություն մատուցել, որպեսզի ընտրողը կարողանա ավելի ճիշտ կողմորոշվել»,- նկատեց Ռ. Աղուզումցյանը: Նա խորհուրդ է տալիս ինքնուրույն որոշում կայացնել, ոչ թե ընտրել այն տրամաբանությամբ, որ այս կամ այն քաղաքական ուժը «միշտ հաղթող է»: «Ընտրությունների ժամանակ բոլոր երկրներում ուժերը իրենց գովազդում են և մրցակցում միմյանց հետ, քանի որ ընտրվողների խնդիրը որքան հնարավոր է շատ ընտրողներ հավաքելն է, ընտրողների խնդիրը՝ ճիշտ ընտրություն կատարելը»,- ասաց Ռ. Աղուզումցյանը: Նա հավելեց, որ զարգացած երկրներում քաղաքական գործընթացներին ակտիվ ներգրավված է բնակչության ընդամենը 15 տոկոսը. մնացած մասին չի հետաքրքրում՝ որ քաղաքական ուժն է իշխելու. կա գերակա խնդիր՝ օրենքի գերակայություն, որն ամեն դեպքում ապահովվում է: