Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավ քաղաքական գործիչը պետք է լինի լավ քաղաքական դերասան. PR մասնագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
hayk-1

Ընտրական ցուցակներում ընդգրկված տարբեր քաղաքական գործիչներ տարբեր ժամանակներում զբաղվել են տարբեր գործունեությամբ՝ բիզնեսով, լրատվությամբ, նույնիսկ ՏՏ ոլորտով, սակայն նրանք երբեք չեն եղել քաղաքական դերասաններ:  PR-ի զարգացման հայկական կենտրոնի ղեկավար, PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը այսօր կայացած ասուլիսին նշեց. «Առանց հեգնանքի. լավ քաղաքական գործիչը պետք է լինի լավ քաղաքական դերասան, ընտիր, քանի որ «ընտրություն» բառը առաջացել է ընտիր բառից, այսինքն` ընտրել ընտիրին, ինչը մեր օրերում շատ դժվար է»: «Գործիչ բառը արդեն հուշում է, որ մարդը տվյալ ոլորտում պետք է որոշակի գործունեություն ծավալի, իսկ ընտրվողների զգալի մասը ընդհանրապես քաղաքական գործունեությամբ չի զբաղվել. նրանք սնկի պես աճեցին ընտրություններից առաջ»,- նշեց նա՝ հավելելով, որ խորհրդարանական ընտրություններին առաջադրվող թեկնածուները վատ քաղաքական դերասաններ են, քանի որ վատ դերակատարներ են եղել:  Այդ վատ դերասանությունն էլ  կայանում է նրանում, որ ընտրության ժամանակ դուրս են գալիս իրենց ֆեյսբուքյան տաքուկ անկյուններից, ու գնալով հեռավոր համայնքներ՝ համբուրում մի գյուղացի տատիկի: Հ. Կիրակոսյանի խոսքով, խորհրդարանական ընտրություններին առաջադրված թեկնածուներից ռեսուրս ունեցողները քիչ թե շատ գրագետ են կազմակերպում նախընտրական քարոզարշավները, մնացածի կողմից օգտագործվող հիմնական PR տեխնոլոգիան արհեստականորեն արժևորվել է, պաստառների պատռման միջոցով  կոնֆլիկտ հրահրելը, որպեսզի գրավեն քաղաքական ապատիայի մեջ գտնվող ընտրազանգվածի ուշադրությունը: Ընտրազանգվածն էլ նախընտրական ժամանակահատվածում քիչ թե շատ աշխուժանում է, հետընտրական ժամանակահատվածում՝ նորից ընկնում է ապատիայի մեջ և իրեն սփոփում հնդկական սերիալներով, որոնցով այսօր հեղեղված է հայկական հեռուստատեսությունը: Հ. Կիրակոսյանը նկատում է՝ Հայաստանում այս կամ այն քաղաքական համակարգը իր շանսերը ընտրության ժամանակ բարձրացնում է՝ անցկացնելով ռեբրենդինգ, փոխելով կուսակցության անվանումը, խաղադրույքները դնելով մարդկանց կարճ հիշողության վրա, և դա վերաբերում է թե իշխանություններին, թե ընդդիմությանը: «Մենք մոռանում ենք, թե նախկինում այդ նույն մարդիկ, որոնք այսօր հանդես են գալիս այլ կուսակցություններում կամ դաշինքներում, նախկինում ով են եղել և ինչ են արել» ,- ամփոփեց Հ. Կիրակոսյանը: