«Ես կլինեմ ձեր մեջ, ձեզանից մեկը». ՀՀԿ թեկնածու
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը այսօր կոչ է արել ընտրել ՀՀԿ տարածքային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված թեկնածուին՝ գեներալ-մայոր Սամվել Սանամյանին։
«Նա մեծ ճանապարհ անցած մարդ է, մաքուր կենսագրություն ունի և կանգնած է Հրազդանի ու հրազդանցու կողքին, և ձեր ձայնը տալով պարոն Սանամյանին՝ միասին կգտնենք բազմաթիվ խնդիրների լուծումները»,- ասել է քաղաքապետը։
Ինքը՝ Աժ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանը, ընտրողների հետ հանդիպմանը խոստացել է պատգամավոր ընտրվելու դեպքում աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ժողովրդի հոգսը համագործակցաբար լուծելու համար։
«Գործադիր և օրենսդիր մարմինները չպետք է կտրվեն իրարից։ Ժողովրդի առաջ քաշած հարցերը պետք է ներկայացվեն գործադիր իշխանություն, և այդ հարցերն Ազգային ժողովում պետք է վերածվեն օրենքների։ Ես ավելի շատ գործի մարդ եմ, հռետոր չեմ։ Եվ ուզում եմ իմ գործով կանգնել ձեր կողքին։ Եթե դուք ձեր ձայնը տաք ինձ, ես կլինեմ ձեր մեջ, ձեզանից մեկը։ Եվ հինգ տարի հետո հանդիպելով՝ պարզ ճակատով եմ նայելու ձեզ»,- ասել է Սամվել Սանամյանը։
Տեղեկատվությունը տրամադրել է ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանի կենտրոնական ընտրական շտաբը։
