«Որոշ թեկնածուներ 5-10 մլն դոլար են ծախսում՝ 30 մլն դրամ ստանալու համար»
«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Հանրապետական կուսակցության ցանկացած թեկնածուի հետ բանավեճի. Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում նշեց ինքը՝ Փաշինյանը: «Միակ պայմանն այն է, որ պետք է համարժեք քաղաքական ներկայացուցչի հետ լինի, պետք է լինի հանրապետական: Աշոտյանի հետ նման խոսակցություն եղավ, ինձ թվաց, թե նա խուսափում է, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այդ բանավեճը տեղի ունենա»: Փաշինյանին հիմնականում մարդիկ լսում էին իրենց բնակարանների պատուհաններից։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը գոհ է, ասում է՝ մարդկանց հետաքրքրությունը գնալով ավելանում է: «Հանդիպել եմ մարդու, որ ինձ ասել է, որ երբեք ընտրությունների չի գնացել, բայց հիմա գնալու է եւ «Ելք» դաշինքի օգտին քվեարկելու է»: Ահարոն Ադիբեկյանի գլխավորած «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը այն ընտրատարածքում էր, որտեղ այսօր «Ելք» դաշինքը քարոզարշավի էր դուրս եկել: Սոցիոլոգը բացառության կարգով ներկայացնում է «Ելք»-ի հնարավորությունների վերաբերյալ տվյալները: ««Ելքը» պայքարում է 3-րդ, 4-րդ տեղերի համար: Իրենց խնդիրը գյուղերում է, քանի որ հնարավորությունները չեն ներում գնալ տեղում հանդիպել մարդկանց»: Ահարոն Ադիբեկյանը դեռ խորհրդային տարիներից ընտրություններին չի մասնակցում, ասում է՝ իր ձայնը ոչինչ չի փոխում: «Դե ընտրողների 1/3-ը չի մասնակցում ընտրություններին, ես էլ թող դրանցից մեկը լինեմ»: Կենտրոն համայնքում պատգամավորության թեկնածու է առաջադրված նաեւ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Առհասարակ, Հանրապետական թեկնածուները Փաշինյանի քննադատության թիրախում են: «Հանրապետականը այս խորհրդարանական ընտրություններում առաջադրել է այնպիսի պատգամավորության թեկնածուների, ում կարելի է անվանել լռության ուխտավորներ, դրանցից են Սամվել Ալեքսանյանը, Ռոբերտ Սարգսյանը, Արտակ Սարգսյանը, Առաքել Մովսիսյանը: Նրանք մեկ նախադասություն անդամ չեն ասել, ամեն ինչի աշխատանքային ստաժի մասին լսել էինք, լռության ստաժի մասին չէինք լսել»: Պատգամավորի 5 տարվա աշխատավարձը 30-35 մլն դրամ է։ Նիկոլ Փաշինյանը հաշվարկել է՝ ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ 5-10 մլն դոլար են ծախսում՝ այդ 30 մլն դրամ աշխատավարձը ստանալու համար։ Սա հիմք է տալիս Փաշինյանին հայտարարելու՝ ՀՀԿ-ի քարոզարշավի հիմքում դրված են կոռուպցիոն գումարներ: