ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Այսօր պիտի աշխատավարձ ստանայինք, սակայն տեղեկացանք, որ մինչեւ շրջանային վարչության նոր նախագահը չնշանակվի, մեզ չեն վարձատրի, բայց չէ՞ որ մեր մանկավարժներն ուտել են ուզում»,- հայտնեց Ախալքալաքի շրջանի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Կարոյանը:
Ինչպես տեղեկացրեց տնօրենը, դպրոցի առջեւ ծառացած հիմնախնդիրները շատ են. դպրոցը, որը շրջանում միակն է եւ գործում է 1960-ական թթ.-երից, ոչ մի անգամ չի վերանորոգվել. «Տարեսկզբին հույս ունեինք հիմնավոր վերանորոգված դպրոցում դասերն անցկացնելու, սակայն շրջանային վարչության օժանդակությամբ միայն տանիքն են վերանորոգել»:
Տնօրենի հավաստմամաբ, դպրոցի գրադարանն արդեն մի քանի տարի է, ինչ չունի նոր գրքեր, չունեն նոր գործիքներ, ամեն ինչ, նաեւ կահավորումը, Խորհրդային տարիներին եղածն է:
Խորհրդային տարիների համեմատ, Ս. Կարոյանի տեղեկացմամբ, աշակերտների քանակն ավելացել է. «Այժմ դպրոցն ունի 200 աշակերտ, նախկին 120-ի փոխարեն, աշակերտներ ունենք նաեւ գյուղերից »:
Ախալքալաքի երաժշտական դպրոցն ունի 32 մանկավարժ, որոնք բոլորն էլ մասնագետներ են, տնօրենի խսքերով, իսկ մեծ մասը` միայնակ կանայք:
Ամենամեծ հիմնախնդիրը, ինչպես նշեցին մանկավարժները, քիչ վարձատրությունն է` կապված նաեւ թղթադրամի արժեզրկման հետ:
Սակայն, չնայած բազմաթիվ հիմնախնդիրներին, ինչպես հպարտությամբ նշեց դպրոցի տնօրենը, իրենք հավատարիմ են իրենց կոչմանը. «Երեւանում անցկացված հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթից եթե մենք պատվոգրով` գլուխներս բարձր վերադարձանք, դա արդեն ինչ-որ բան նշանակում է»,- հայտնեց Սվետլանա Կարոյանը:
Ինչպես տեղեկացրեց Ս. Կարոյանը, 2007թ. ապրիլ-մայիս ամիսներին նույնպես հրավեր ունեն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի կողմից մրցույթի մասնակցելու:
«Մեզ համար շատ հաճելի է, որ մեր դպրոցի վիճակով հետաքրքրվում են, որովհետեւ մինչեւ երկու տարի առաջ ոչ մեկը մեր գոյության մասին չէր հիշում, սակայն դեռեւս ներդրման կարիք ունենք»,- ավելացրեց Սվետլանա Կարոյանը:
Ջավախք-ինֆո