Ժիրայր Սեֆիլյանը գլխի շարժումո՞վ է հանձնարարել (տեսանյութ)
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ապացույցների բացակայության հիմքով պետք է արդարացնել եւ ազատ արձակել՝ պնդում է նրա պաշտպանը. «Միայն Հայաստանում այդպիսի մեղադրանք կլինի, որ անձը քաղաքական գործունեություն իրականացնելու համար ենթարկվում է քրեական պատասխանատվության: Վերջին նախադասությունն է միայն՝ նրանք պատրաստվել են ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելուն»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Բացի զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածից, Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է նաեւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ գրավելու մեջ։ Պաշտպանի գնահատմամբ՝ զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքն էլ առաջադրվել է շատ անորոշ եւ լղոզված ցուցմունքի հիման վրա. «Անգամ այդ անձանցից մեկը չգիտեր, եթե հանձնարարել է զենքի տեղափոխումը, երբ է հանձնարարել՝ 2016 թե 2017 թթ, անգամ չէր բացառում, որ ոչ անձամբ, ոչ հեռախոսով, այլ գլխի շարժումով է հանձնարարել: Այսպիսի անհեթեթ մեղադրանք է»: Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նախաքննության ավարտից հետո Պաշտպանական կողմը ծանոթացել էր քրեական գործի նյութերին: Մի շարք միջնորդություններ էր ներկայացրել, սակայն դրանք մերժվել էին: Այնուհետեւ գործն ուղարկվել էր հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, սակայն դատախազը քննիչին հանձնարարել է վերսկսել նախաքննությունը, հրատապ քննչական գործողություններ իրականացնելու պատճառաբանությամբ: «Այստեղ միանշանակ կա քաղաքական հալածանք: Մեր կարծիքով չպետք է ուղարկվեր դատարան, որովհետեւ մի բան է, որ անձին քաղաքական նկատառումներով բանտարկում են: Մեկ այլ բան է, որ ամբողջ դատական համակարգը կամ ՀՀ-ն դա օգտագործում է որպես գործիք լռեցնելու»,- ավելացրեց Տիգրան Հայրապետյանը: Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, պաշտպանը խորհուրդ է տալիս սպասել: