«Մեր ապագան բոլոր առողջ ընդդիմադիր ուժերի միավորումն է»
ԵՀՄՖ-ի նախագահությունը խստիվ դատապարտում է Հայաստանում սկսված նախընտրական պայքարի ընթացքում տեղի ունեցող գործընթացները: Եվրոպայի հայությունը հետևում է վայրագության հասնող և թույլատրելի բոլոր սահմանները անցած այսպես կոչված ընտրապայքարի ձևերին: Հատկապես ցանկանում ենք շատ կտրուկ արձագանքել ընդդիմության հայտնի գործիչների և քաղաքական բանտարկյալների դեմ իշխանությունների կատարած քայլերին: Անիրավությունների գագաթը հանդիսացավ հայտնի հասարակական գործիչ «ՀԱՑ ԲԵՐՈՂ»-ի՝ Արթուր Սարգսյանի անժամանակ մահվան դեպքը: Այդ երիտասարդը դարձել էր մարդասիրության և ազատատենչության սիմվոլ և նրա նկատմամբ իշխանությունների անմարդկային վերաբերմունքը արժանացել է ողջ հայության ցասմանը: Կեղծիքով և ստով նախագահական աթոռը զավթած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա մանկլավիկ վարչապետ Կարեն Կարապետյանը անձամբ են պատասխանատու և գրանցված ահասարսուռ մահվան դեպքի և ոչ քաղաքակիրթ ձևով ընթացող նախընտրական գործընթացների համար: Կասկած չի հարուցում, որ Հայաստանի և արտերկրի հայությունը տալու է արժանի հակահարված ցինիզմի բոլոր սահմանները անցած ՀՀԿ-ական իշխանություններին: Կասկած չի հարուցում նաև այն, որ ողջ արտերկրի հայությունը սատարելու է երկիրը կործանման հասցրած այս ռեժիմի դեմ պայքարող բոլոր ընդիմադիր ուժերին: Կարծում ենք, որ իշխանափոխության համար պայքարի ելած բոլոր ընդիմադիր կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պիտի համախմբվեն համահայկական ճակատի ներքո և պահանջեն իշխանության առաջնորդների հրաժարականը: Արտերկրի հայությունը հսկելու է, լուսաբանելու է և ողջ աշխարհին ներկայացնելու է ընտրարշավի իրական պատկերը՝ ներկայացնելով բոլոր այն ընտրակեղծիքները, որոնք ավանդաբար կրկնվել են Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված բոլոր նախորդ ընտրություններում և հավանաբար փորձվելու են դրանք կրկնվել նաև այս վերջին, մեր ազգի համար չափազանց կարևոր ընտրությունների ընթացքում: Մեր կողմից և նախընտրական գործընթացները և բուն ընտրությունը լուսաբանվելու է և անաչառ ներկայացվելու է եվրոպական և համաշխարհային մամուլում, նաև պատկան միջազգային կազմակերպություններին: Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր երկրի ապագան բոլոր առողջ ընդիմադիր ուժերի միավորումն է այս վարչակազմի դեմ՝ երկրի արդյունաբերությունը, տնտեսությունը և արտաքին դիվանագիտությունը ամենացածր մակարդակի իջեցրած իշխանություններից ազատվելու համար: ԵՀՄՖ-ի նախագահություն ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն 17.03.2017 Բրատիսլավա, Սլովակիա