ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՆ ՈՒՆԵՑԱՎ 12.5 ԿԻԼՈՄԵՏՐԱՆՈՑ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Գավառ-Գեղարքունիք միջհամայնքային նշանակության 12.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատված բացման արարողությունը` Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի մասնակցությամբ:
Նախարարը շնորհավորեց Հացառատ թաղամասի, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր եւ Գեղարքունիք համայնքների բնակչությանը` նշելով, որ այս ճանապարհահատվածը մշտապես գտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում: Ասֆալտապատման աշխատանքները սկսվել էին մայիս ամսին եւ ընթացել 2 փուլով: Ճանապարհի վերանորոգման պատվիրատուն հանդիսացել է Գյուղնախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագիրը, իսկ կապալառուն էր «Գավառի ճանապարհաշինություն եւ շահագործում» ընկերությունը: Երկշերտ ասֆալտ-բետոնե ծածկի համար կատարվել է շուրջ 1 մլն 300 000 դոլարի ներդրում: Ընդ որում այս գումարի մեջ ներառված են նաեւ համայնքների ներդրումները:
Ինչպես նշում է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը Գավառ քաղաքի բյուջեից այս աշխատանքների համար ներդրվել է 10 մլն դրամ, իսկ 7 մլն դրամ էլ կներդրվի 2007 թվականին: «Այս ծրագիրն իրագործելու համար ես շնորհակալություն եմ հայտնում մեր համայքնի պարտաճանաչ հարկատուներին, քանի որ նրանց շնորհիվ մենք կարողացանք կատարել ներդրում եւ ունենալ բարեկագ ճանապարհ»,- ասում է Գուրգեն Մարտիրոսյանը, եւ ավելացնում, որ այստեղ ներդրվել է բնակչության լուման:
Բնակչության հետ ունեցած հանդիպման ընթացքում Գյուղնախարար Դավիթ Լոքյանը պատասխանեց բնակչության հուզող հարցերին եւ ներկայացրեց հետագա այն ծրագրերը, որոնք իրագործվելու են Գեղարքունիքի մարզում: «2007 թվականի մենք Գեղարքունիքի մարզում իրականացնելու ենք շուրջ 50-ի հասնող ծրագրեր»,- նշեց նախարարը: Մասնավորապես, կջրարբիացվեն արոտավայրերը, կավարտվեն Գավառագետի հեղեղատարի մաքրման աշխատանքները, 6 համայնքներում կկառուցվեն խորքային հորեր: «Գեղարքունիքի մարզում կարեւոր նշանակություն կունենան նաեւ 7 փոքր ձեռնարկությունների ստեղծումը»,- վստահեցրեց գյուղնախարարը: